Մարդու իրավունքների պաշտպանն
այսօր՝ հունիսի 26-ին, հրապարակել է Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի2022 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը:
Անդրադարձ է կատարվել 2022 թվականի
ընթացքում մշտադիտարկումների ընթացքում արձանագրված խնդիրներին և ազատությունից զրկված
անձանցից ստացվող անհատական բողոքներով բարձրացված համակարգային բնույթի հարցերին:
Դրանք մանրամասն վերլուծվել և
ամփոփվել են սույն զեկույցի շրջանակներում, ինչպես նաև տրվել են բարձրացված խնդիրների
լուծման առաջարկներ:
Ներկայացվել են հոգեկան առողջության
խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցեր, ոլորտում իրականացված
աշխատանքները, լուծված և չլուծված խնդիրները:
Վերլուծվել և համապատասխան առաջարկներ
են ներկայացվել քրեակատարողական հիմնարկներում, ձերբակալված անձանց պահման վայրերում
և Ոստիկանության բաժիններում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի
ապահովման, սննդի, պահման պայմանների բարելավման, սանիտարահիգիենիկ պայմանների, արտաքին
աշխարհի հետ կապի, վերասոցիալականացման, կրթության, զբաղվածության և այլ հարցերի կապակցությամբ:
Հատուկ անդրադարձ է կատարվել քրեակատարողական
և ոստիկանության ծառայողների, ինչպես նաև բժշկական անձնակազմերի աշխատանքային պայմաններին
առնչվող խնդիրներին, որոնք արդիական են դարձնում ոլորտում շարունակական բարեփոխումների
իրականացումը:
Հարկ է նշել, որ Կանխարգելման
ազգային մեխանիզմի կարգավիճակով Պաշտպանի գործունեությունն իրականացվում է անաչառ,
ապաքաղաքական ու պրոֆեսիոնալ աշխատանքի սկզբունքներին խիստ համապատասխան՝ հանրային
մարմինների, քաղաքացիական հասարակության ու միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ: