«Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին բետոնե
արգելապատնեշի տեղադրումն առավել է սրում Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ
առաջացած հումանիտար ճգնաժամը:
Հատուկ արձանագրում եմ, որ արգելապատնեշի տեղադրումն
Արցախահայությանը լրացուցիչ հոգեբանական ճնշումների ենթարկելու, միջազգայնորեն
ճանաչված հիմնարար իրավունքների՝ կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության,
ազատ տեղաշարժի, բավարար կենսամակարդակի ապահովման, սննդի հասանելիության,
առողջության պահպանման, ինչպես նաև երեխաների և այլ խոցելի խմբերի իրավունքների
աննախադեպ խախտումների իրականացման և էթնիկ զտման ևս մեկ ազդակ է:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ամբողջապես արգելափակված է
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շնորհիվ արցախցի բուժառուների երկկողմանի
տեղաշարժը և բժշկական պարագաների ու դեղորայքի մատակարարումը Արցախ՝ մարդասիրական
աղետն օր օրի ահագնացող չափերի է հասնում։
Խիստ մտահոգիչ է Պաշտպանի աշխատակազմում ստացված տեղեկությունը,
համաձայն որի՝ մեկ տարեկան երեխան գտնվում է նորածնային և վերակենդանացման
բաժանմունքում, ունի անհապաղ Հայաստան տեղափոխման կարիք, որը ստեղծված իրավիճակով
պայմանավորված` չի իրականացվում:
Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր բազմիցս, տարաբնույթ
ձևաչափերով մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային
կազմակերպություններին և հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված այլ
դերակատարներին ներկայացրել եմ արգելափակման հումանիտար հետևանքները, Ադրբեջանի՝
պետության կողմից վարվող և հովանավորվող հայատյացության փաստերը՝ արձանագրելով, որ
ներկա իրավիճակը պարարտ հող է նախապատրաստում հիմնարար իրավունքների շարունակական
խախտումների և էթնիկ զտման համար:
Մեկ անգամ ևս կոչ եմ անում մարդու իրավունքների պաշտպանության
մանդատակիր միջազգային կազմակերպություններին և դերակատարներին ներդնել բոլոր
ջանքերը՝ օր առաջ բացելու Լաչինի միջանցքը՝ բացառելով մարդու հիմնարար
իրավունքների նոր ու աննախադեպ խախտումների իրականացումը և էթնիկ զտման
քաղաքականության վերջնական իրագործումը»: