ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ
Մանասյանը մասնակցում է հունիսի 18-20-ն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում
անցկացվող Զինված ուժերի օմբուդսմանական հաստատությունների՝ «Կլիմայի փոփոխության
ազդեցությունների կառավարում, օմբուդսմանական հաստատություններ և զինված ուժեր»
խորագրով 15-րդ միջազգային համաժողովին։
Միջոցառումը կազմակերպել է Անվտանգության
ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնն (DCAF) Ավստրիայի դաշնային զինված ուժերի
հարցերով խորհրդարանական հանձնաժողովի հետ համատեղ, մասնակցում են մարդու
իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ավելի քան 50 երկրների հաստատություններ։
Համաժողովի նպատակն է նպաստել զինված
ուժերում մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորմանը, խթանել լավագույն
փորձի փոխանակմանը անվտանգային ոլորտում, ինչպես նաև բարձրացնել իրազեկվածության
մակարդակը։ Նախատեսվում է հստակեցնել կլիմայի փոփոխության, հոգեկան առողջության և
փոփոխվող աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում անվտանգային ոլորտում մարդու
իրավունքների պաշտպանության հետագա քաղաքականությունները՝ օմբուդսմանական
հաստատությունների շրջանում:
Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել
Ավստրայի Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկան, Դաշնային պաշտպանության
նախարար Կլաուդիա Թանները, Դաշնային զինված ուժերի հարցերով խորհրդարանական
հանձնաժողովի նախագահ, Ազգային խորհրդի անդամ Ռոբերտ Լաիմերը և Անվտանգության
ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի նախագահ, դեսպան Նատալի Չուարդը: