Ադրբեջանի hանրային
հեռուստաընկերություններից մեկը հունիսի 5-ին հեռարձակել է տեսանյութ, որում
անդրադարձել է հայ ռազմագերիներին։ Ռեպորտաժում ադրբեջանցի լրագրողը զրուցում է 5
հայ ռազմագերու հետ։
Տեսանյութի և դրա
տարածման վերաբերյալ Պաշտպանը հարկ է համարում ընդգծել հետևյալը.
Ռազմագերիներին չպետք է
դարձնել հանրային հետաքրքրության առարկա. այդպիսի գործողություններն ուղղակիորեն
արգելված են Ժնևյան 3-րդ կոնվենցիայի 13-րդ հոդվածով։
Արգելքը հետապնդում է 2
հիմնական նպատակ. հարգել ռազմագերու արժանապատվությունը և պաշտպանել գերեվարման
ընթացքում ու դրանից հետո ցանկացած ոտնձգությունից:
Ռազմագերիները,
գտնվելով անազատության պայմաններում, չեն կարող անկաշկանդ կերպով ձևավորել և
ներկայացնել իրենց համաձայնությունը տեսանկարահանվելու և նրանց մասնակցությամբ
տեսանյութերի հեռարձակման կամ տարածման առնչությամբ։
Ռազմագերիների
վերաբերյալ տվյալների հրապարակման և սոցիալական ցանցերով տարածման հետևանքով նրանք
հանրության կողմից լրացուցիչ թիրախավորվում են, ինչի մասին են վկայում նաև
տեսանյութի վերաբերյալ ադրբեջանական օգտատերերի բացասական մեկնաբանությունները։
Պաշտպանը կոչ է անում
հայաստանյան լրատվական համայնքին խուսափել հայ ռազմագերիների վերաբերյալ
ադրբեջանական աղբյուրներից վերցված տեսանյութերը տարածելուց՝ նրանց հանրային
հետաքրքրությունից զերծ պահելու նպատակով։
Պաշտպանի՝ այս հարցի
վերաբերյալ առավել մանրամասն իրավական դիրքորոշումն ուղարկվել է միջազգային
գործընկերներին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող
միջազգային կառույցներին։