ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ու Հայաստանում
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Սոթք
բնակավայրում անցկացրել են «Երեխաների հետ՝ երեխաների համար» թեմայով
հանդիպում-քննարկում:
Հունիսի 1-ի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցել է մարզի
սահմանամերձ բնակավայրերից ավելի քան 170 երեխա՝ ընդհանուր մոտ 230 մարդ, այդ
թվում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:
Մասնակիցներին ողջունել և Երեխաների պաշտպանության միջազգային օրվա
առթիվ շնորհավորել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:
Պաշտպանը մասնավորապես նշել է, որ հունիսմեկյան միջոցառումը
Սոթքում անցկացնելու գաղափարն առաջացել է դեռևս Գեղարքունիքի մարզի սահմանամերձ
բնակավայրեր մայիսի սկիզբ կատարած այցի ժամանակ:
«Շնորհակալ եմ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակին մեր այս
գաղափարին աջակցելու պատրաստակամության համար: Մեզ համար առաջնահերթություն էր
այսօրվա միջոցառմանը ներգրավել մարզի սահմանամերձ բնակավայրերի բոլոր երեխաներին:
Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ ինձ համար շատ կարևոր է, որ կարողանում ենք
տոն պարգևել և լինել դրա մասնակիցը: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրի մանկությունը
լցված լինի երջանկության զգացումով, և դուք շրջապատված լինեք սիրով և
հոգատարությամբ»,-նշել է Պաշտպանը:
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ անկախ բնակավայրից և
ապրելու պայմաններից բոլոր երեխաներն ունեն արժանապատիվ ապրելու իրավունք և
պետության առաջնահերթությունը պետք է լինի ապահովել դրա համար անհրաժեշտ
պայմանները:
«Կարևոր են ոչ թե կյանքի հանգամանքները, որոնց բախվում ենք, այլ
այն, թե ինչպես ենք դրանց վերաբերվում և ինչ հնարավորություն ենք կարողանում
դրանցից ստանալ: Կարծում եմ, կյանքի բոլոր հանգամանքներից մենք մշտապես կարող ենք
շատ լուրջ հնարավորություններ քաղել ապագայի համար: Այս համատեքստում, ցանկանում
եմ ևս մեկ անգամ արձանագրել՝ մեզ համար շատ կարևոր է, որ այս օրը կարողացանք
անցկացնել հենց այստեղ՝ սահմանամերձ բնակավայրերի երեխաների կողքին», - հավելել է
նա:
Քրիսթինե Վայգանդն էլ նշել է, որ այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար նշելու
կրկնակի առիթ էր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը և ՄԱԿ-ի Ծնողների
համաշխարհային օրը:
«Շատ ուրախ եմ, որ կարողացանք այսօր լինել Սոթքի երեխաների և
դեռահասների կողքին, լսել նրանց բարձրաձայնած խնդիրները ու քննարկել հնարավոր
լուծումները»,- նշել է Քրիսթինե Վայգանդը:
Նա հատուկ ընդգծել է, որ յուրաքանչյուր համայնքում երեխաներն
իրավունք ունեն մեծանալ անվտանգ միջավայրում, մեծանալ առողջ, ստանալ որակյալ
կրթություն և բոլոր այն սոցիալական ծառայությունները, որոնք անհրաժեշտ են
զարգացման համար:
«ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակելու է աշխատել ՄԻՊ-ի և այլ գործընկերների
հետ՝ աջակցելու երեխաներին և նրանց ընտանիքներին թե՛ Վարդենիս համայնքում, թե՛
ամբողջ Հայաստանում», - ասել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը:
Միջոցառման նպատակն էր խթանել երեխաների մասնակցության, լսված
լինելու և կարծիքն ազատ արտահայտելու իրավունքների իրացումը՝ ստեղծելով
երեխայակենտրոն հարթակ, որտեղ երեխաներն ու երիտասարդները կարող են ներկայացնել
իրենց հուզող հարցերն ու խնդիրները, և դրանք քննարկել ոլորտային իրավասու
ներկայացուցիչների հետ։
Նրանց համար կազմակերպվել են երեխաների իրավունքներին վերաբերելի
քննարկումներ՝ Մարդու իրավունքների պաշտպանի, ՄԻՊ աշխատակազմի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի
ներկայացուցիչների և պետական պատասխանատու կառույցների մասնագետների ներգրավմամբ:
Թեմաներն էին հասարակությունում և ընտանիքում երեխաների պաշտպանությունը և
անվտանգությունը, երեխաների կրթությունը և սոցիալական ներառումը, բուլինգը և
խտրական վերաբերմունքը, երեխաների առողջության պահպանման իրավունքի իրացումը:
Նախադպրոցական տարիքի երեխաների և տարրական դասարանների
աշակերտների համար նաև նկարչության ժամ է անցկացվել՝ «Իմ իրավունքները» թեմայով,
իսկ «Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպությունը ցուցադրել է
«Իսկական ընկեր» տիկնիկային ներկայացումը:
Տոնական օրվա ավարտին երեխաները կիսվել են իրենց
տպավորություններով և ամփոփել թեմատիկ քննարկումների արդյունքները: