Հանրային միջավայրում առկա հիմնական խնդիրներից մեկն այս պահին ծայրահեղ ատելության
և անհանդուրժողականության մթնոլորտն է, որը երբևէ չի կարող տանել ճիշտ և իրավական
ճանապարհի։ Այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝
մայիսի 31-ին մասնակցելով Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակներում
անցկացված պանելային քննարկմանը։
Միջոցառմանը ներկա էին օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների
ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային իրավապաշտպան ու
հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Ֆորումի նպատակն էր
մեկտեղել Հայաստանում ժողովրդավարության խթանմամբ շահագրգիռ բոլոր կողմերին՝
քննարկելու բարեփոխումների ընթացքն ու մարտահրավերները: Գլխավոր թեման
ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանությունն էր ազգային
անվտանգության մարտահրավերների պայմաններում։
Իր ելույթում Պաշտպանը նշել է, որ անհանդուրժողականության մթնոլորտի,
ատելության խոսքի և խտրականության բացառման համար առաջին հերթին պետք է
ամբողջությամբ բարեփոխվի կրթական համակարգը։ Նրա համոզմամբ՝ դպրոցներն են
կարծրատիպեր, արժեքներ կամ հակաարժեքներ ձևավորող ամենալուրջ սոցիալական
հաստատությունները։
«Անհրաժեշտ է ներդնել այնպիսի կրթական համակարգ, որով անձանց փոխանցվում են
արժեքներ` հարցերը ճիշտ և իրավական մեթոդաբանությամբ կարգավորելու
տրամաբանությամբ։ Հայաստանում իրավական կրթության համակարգը ևս պետք է
ամբողջությամբ բարեփոխվի` մարդու իրավունքների բովանդակությանը և սահմանափակմանը
վերաբերելի չափանիշների և հարցադրումների տեսանկյունից»,- ասել է Անահիտ
Մանասյանը։
Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է պատշաճ
օրենսդրության ու իրավակիրառ պրակտիկայի ձևավորումը։
Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել նաև ՄԻՊ գործունեության
առաջնահերթություններին, այդ թվում՝ խաղաղ հավաքների իրավունքի ապահովմանը,
երեխաների, կանանց իրավունքների պաշտպանությանը, բուլինգի ուղղությամբ տարվող
աշխատանքներին, հատուկ ընդգծել խտրականության արգելքի սկզբունքի, իրավասարության
երաշխավորման, ատելության խոսքի բացառման առնչությամբ անհրաժեշտ քայլերի
ձեռնարկման կարևորությունը։
Ժողովրդավարության հայկական ֆորումը երկրորդ տարին անընդմեջ անցկացվում է
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության և «Իրազեկ քաղաքացիների
միավորման» ջանքերով: