Մարդու իրավունքների
պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում
Շվեդիայի Թագավորության Արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:
Հանդիպման շրջանակում
Պաշտպանը ներկայացրել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների
պաշտպանությանը, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած խնդիրներին
վերաբերելի հարցեր:
Անդրադարձ է կատարել
ՄԻՊ գործունեության առաջնահերթություններին, այդ թվում՝ խաղաղ հավաքների իրավունքի
ապահովմանը, ընտանիքում բռնության դեմ պայքարին, երեխաների, կանանց և
հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը։
Տիկին Մանասյանը
մատնանշել է երկու պետությունների մարդու իրավունքների պաշտպանության
առաքելությունն իրականացնող հաստատությունների միջև ձևավորված կայուն
փոխգործակցության կարևորությունը։
Պաշտպանն ընդգծել է
դեռևս նախորդ տարի Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմի և Շվեդիայի Լունդ քաղաքի Ռ. Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և
մարդասիրական իրավունքի ինստիտուտի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի
կարևորությունը։
Կողմերը քննարկել են
ինստիտուտի հետ համատեղ իրականացվող ծրագրերը, որոնք, ի թիվս այլնի, ուղղված են
Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի մոնիթորինգային կարողությունների
զարգացմանը:
Իր հերթին, Պատրիկ
Սվենսոնը նշել է, որ Շվեդիայի Թագավորության համար մարդու իրավունքների
պաշտպանության ապահովումն ու երաշխավորումը ևս առաջնահերթություն է: Այս
համատեքստում Դեսպանը ներկայացրել է իրավունքի գերակայության, ժողովրդավարության և
մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Շվեդիայի կողմից ՀՀ-ում իրականացվող
ծրագրերն ու նախատեսվող միջոցառումները։
Քննարկվել են նաև
Պաշտպանի՝ Ստրասբուրգ կատարած այցի մանրամասները և կարևորվել 2023-2025 թթ. ՀՀ-ԵԽ
Գործողությունների ծրագրի շրջանակներում Պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ
իրականացվելիք ծրագրերն ու միջոցառումները, այդ թվում Շվեդիայի Թագավորության
ֆինանսական աջակցությամբ։
Հանդիպման ավարտին
կողմերը վերահաստատել են տարբեր ձևաչափերով համագործակցելու պատրաստակամությունը։