Մարդու իրավունքների պաշտպան
Անահիտ Մանասյանը մայիսի 22-ին այց է իրականացրել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ
ունեցող անձանց խնամքի կենտրոն։
«Ձորակ»-ի մասնաշենքերից մեկի
առաջին հարկում տեղակայված է մանկապարտեզ. հարակից տների բնակիչները և նախադպրոցական
ուսումնական հաստատության սաների ծնողները բողոք էին ներկայացրել ԱԺ պատգամավոր Հովիկ
Աղազարյանին առ այն, որ Երևանի թիվ 34 մանկապարտեզը տեղակայված է հոգեկան առողջության
խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի հետ նույն շենքում։ Բողոքներն ավելի ուշ փոխանցվել
են Պաշտպանին:
«Ձորակ» հոգեկան առողջության
խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն այցի նպատակն էր տեղում իրավիճակին ծանոթանալը:
Անահիտ Մանասյանը շրջել է կենտրոնի և մանկապարտեզի տարածքներով, զրուցել 2 հաստատությունների
անձնակազմերի, նաև հարակից տների բնակիչների հետ:
Այցն իրականացվել է Աշխատանքի
և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, ԱԺ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության
և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի, ԱԺ Տնտեսական
հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանի, Երևանի քաղաքապետարանի
ներկայացուցիչների հետ համատեղ: Մասնակցել են նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն
ու Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը:
Պաշտպանն արձանագրել է մարդու
իրավունքներին առնչվող խնդիրներ, որոնք քննարկվել են իրավասու մարմինների ներկայացուցիչների
հետ՝ հորդորելով շտապ լուծումներ գտնել: Դրանք վերաբերում են ինչպես մանկապարտեզի տարածքի
ամբողջական ցանկապատման, այնպես էլ երեխաների հանգստի սենյակների օդափոխության և լուսավորության
ապահովման հարցերին։
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել
է, որ անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել երեխաների համար անվտանգ և ապահով, ինչպես
նաև ֆիզիկական և հոգեկան առողջ զարգացման նպաստավոր միջավայր ձևավորելու ուղղությամբ՝
հաշվի առնելով երեխայի լավագույն շահը և միաժամանակ չխաթարելով հոգեկան առողջության
խնդիրներ ունեցող անձանց իրավունքները: