Այսօր՝ մայիսի 17-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն
ահազանգեր է ստացել առ այն, որ ադրբեջանական զինված ուժերը Գեղարքունիքի մարզի
Սոթք բնակավայրի ուղղությամբ՝ դեպի հայկական դիրքերը, ինտենսիվ կրակ են բացել։
Կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ զինծառայող:
Նրան տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ ադրբեջանական
զինված ուժերը թիրախային ու ագրեսիվ կրակ են բացել, ինչի հետևանքով բուժակը ևս
վիրավորում է ստացել:
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողը
մինչև հոսպիտալ տեղափոխվելը զոհվել է:
Հավաքագրված փաստերը հաստատում են, որ կրակը վարվել է
շտապօգնության ավտոմեքենայի ուղղությամբ, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ առկա
է եղել դիտավորություն՝ վնասելու ինչպես մեքենան, այնպես էլ զինծառայողին ու
բուժանձնակազմին: Վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենան եղել է
համապատասխան տարբերանշանով և կահավորմամբ։
Հարկ է ընդգծել, որ շտապօգնության մեքենայի ու բուժանձնակազմի
թիրախավորումը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտում է։