«Սիրելի´
լրագրողներ, շնորհավորում
եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ:
Ազատ լրատվական
գործունեությունը կայուն ժողովրդավարության կառուցման հիմնասյունն է, այլակարծության
և առողջ բանավեճի ապահովման գրավականը։
Անգնահատելի
է բարեխիղճ և արհեստավարժ լրագրողների աշխատանքը՝ ուղղված հանրությանը հուզող խնդիրների
բարձրաձայնմանը, ինչպես նաև պետական կառավարման մարմինների և պաշտոնատար անձանց հաշվետվողականության
երաշխավորմանը։ Միաժամանակ, պրոֆեսիոնալ լրատվական գործունեությունը կարող է ապահովվել
միայն էթիկայի կանոնների պահպանման և Ձեր գործունեության արդյունքում ատելության խոսքի
բացառման պարագայում։
Չնայած
գրանցված առաջընթացին՝ մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական
մնալ որոշ մարտահրավերներ։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2022 թվականի ընթացքում
արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառման 14 դեպք։ Խնդրահարույց
է նաև լրագրողների թիրախավորման դեպքերի առկայությունը։ Այս առումով կարևոր է մամուլի
ազատության երաշխավորման ուղղությամբ այնպիսի քայլերի ձեռնարկումը, որոնք կապահովեն
բնականոն լրատվական գործունեության համար լիովին բարենպաստ միջավայրի առկայությունը
և լրագրողների անվտանգությունը։
Որպես
Մարդու իրավունքների պաշտպան՝ իմ մանդատի շրջանակում պատրաստ եմ անել առավելագույնը՝
պաշտպանելու համար Ձեր ազատ և անխոչընդոտ աշխատանքը։ Կարևորում եմ նաև Պաշտպանի աշխատակազմի
և լրատվամիջոցների միջև համագործակցությունը՝ ուղղված հասարակության առավել խոցելի
խմբերին առնչվող զգայուն թեմաների պատշաճ լուսաբանման ապահովմանը:
Մամուլի
և լրագրողների աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված:
Մաղթում
եմ Ձեզ արդյունավետ և ստեղծագործ աշխատանք»: