ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ընդունել է
Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և
Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ, Բուշ-դյու-Ռոնի դեպարտամենտի
պատգամավոր Անն-Լորանս Պետելին։
Դեսպան Անն Լույոն և պատգամավոր Անն-Լորանս Պետելը շնորհավորել են
տիկին Մանասյանին նոր և պատասխանատու պաշտոնի անցնելու առթիվ։ Դեսպանը
շնորհակալություն է հայտնել Պաշտպանի հաստատության կատարած հսկայածավալ
աշխատանքների, ներառյալ Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում մարդու
իրավունքների տարաբնույթ խախտումների վերաբերյալ զեկույցների մշակման ու
միջազգային գործընկերներին մշտապես հավաստի տեղեկատվության տրամադրման համար։
Տիկին Մանասյանն իր խոսքում անդրադարձել է ՀՀ-ում մարդու
իրավունքների պաշտպանության ոլորտի հիմնական մարտահրավերներին, ներկայացրել
Պաշտպանի մանդատն ու գործունեության ուղղությունները։ Հատուկ անդրադարձ է կատարվել
խոշտանգումների, անմարդկային ու նվաստատուցիչ վերաբերմունքի դեմ պայքարի ոլորտում՝
Պաշտպանի՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությանը։
Հանդիպման շրջանակներում կողմերն անդրադարձել են ՀՀ սահմանային
բնակչության իրավունքների պաշտպանության խնդիրներին, Ադրբեջանի կողմից Լաչինի
միջանցքի արգելափակման արդյունքում մարդու իրավունքների խախտումներին, Ադրբեջանում
պահվող հայ ռազմագերիների իրավունքների երաշխավորման և վերջիններիս վերադարձի
ապահովման հրատապությանը, ինչպես նաև 44-օրյա մարտական գործողությունների արդյունքում
գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքների կողմից բարձրացված հարցերին:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են համատեղ ջանքեր
գործադրել վերոնշյալ խնդիրների հասցեագրման ուղղությամբ և խորացնել
համագործակցությունը տարբեր ձևաչափերով։