Այսօր
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Քրիստինա Քվինին:
Հանդիպման
սկզբում դեսպան Քրիստինա Քվինը շնորհավորել է տիկին Մանասյանին Մարդու իրավունքների
պաշտպանի առաքելության ստանձման կապակցությամբ և բարձր գնահատել Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի դերը Հայաստանում մարդու իրավունքների
պաշտպանության և խթանման գործում։
Պաշտպանը
տիկին Քվինին ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մանդատը, մատնանշել
իր գործունեության առաջնահերթությունները, որոնք ի թիվս այլնի ներառում են պայքարը
ատելության խոսքի ու խտրականության դեմ, խաղաղ հավաքների ազատության իրավունքի
երաշխավորումը, անհամաչափ ուժի կիրառման բացառումը ու կանանց համար
արդարադատության մատչելիության ապահովումը։
Տիկին
Մանասյանն իր խոսքում անդրադարձել է նաև ս.թ. ապրիլի 14-ին Սյունիքի մարզ կատարած
այցի արդյունքներին, բարձրաձայնել ադրբեջանական զինված ուժերի գործողությունների
արդյունքում սահմանային բնակավայրերի բնակչության կյանքի և անվտանգության,
սեփականության, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, երեխաների կրթության
իրավունքների խախտումների մասին։
Մարդու
իրավունքների պաշտպանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի
միջանցքի արգելափակման արդյունքում Արցախում բնակվող անձանց իրավունքների
պաշտպանության խնդրի հրատապությանը և կարևորել մարդու իրավունքներին վերաբերելի
խնդիրների լուծման ուղղությամբ շուտափույթ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։
Տիկին Մանասյանն ընդգծել է նաև պատերազմական հանցագործությունների փաստերի
ամրագրման և մարդու իրավունքների միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին
ու դերակատարներին ներկայացման հարցում հաստատության կատարած աշխատանքները։
Դեսպանին
են ներկայացվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի՝ ՀՀ-ում կալանավորված ադրբեջանցի
զինծառայողներին այցի մանրամասները։
Հանդիպման
ավարտին կողմերը վերահաստատել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում
համագործակցելու և փոխգործակցության ոլորտներն ընդլայնելու իրենց
պատրաստակամությունը: