ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շարունակում է
պարբերաբար հանդիպումներ ունենալ 44-օրյա մարտական գործողությունների մասնակից
զինծառայողների ընտանիքների անդամների հետ:
Այսօր՝ ապրիլի 25-ին, հերթական հանդիպման ժամանակ գտնվելու վայրն
անհայտ զինծառայողների ծնողները Մարդու իրավունքների պաշտպանին են ներկայացրել
իրենց հուզող հարցերը:
Հանդիպման ընթացքում ծնողները բարձրացրել են իրենց զավակների
ճակատագրերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, դատագենետիկական
փորձաքննությունների արդյունքների և քրեական վարույթների հետ կապված մի շարք
հարցեր:
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ է նշել, որ ծնողների
բարձրացրած հարցերն իր ամենօրյա հատուկ ուշադրության ներքո են: Պաշտպանի
իրավասության սահմաններում ներպետական և միջազգային կառույցների ու դերակատարների
հետ առաջնահերթ քննարկվում են զինծառայողների ճակատագրերի վերաբերյալ հարցերը:
44-օրյա պատերազմի մասնակից զինծառայողների ընտանիքների հետ
հանդիպումները կրելու են շարունակական բնույթ: