Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը և ամբողջ
հայությունն ու քաղաքակիրթ աշխարհը ոգեկոչում են 20-րդ դարի առաջին
ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը:
Անցած դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ապրող հայերը ենթարկվեցին
երիտթուրքական կառավարության կողմից կազմակերպված զանգվածային
ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնի տեղահանության ու կտտանքների։
1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալվեցին և սպանվեցին հարյուրավոր արևմտահայ
մտավորականներ։
Չնայած մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի
գերակայության շարունակաբար կատարելագործվող միջազգային կառուցակարգերի
առկայությանը՝ մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված,
անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները։ Այսպիսի արարքների
անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ։
Դեռևս 1948 թ. դեկտեմբերի 9-ին ընդունվեց «Ցեղասպանության
հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» միջազգային կոնվենցիան,
սակայն այսօր էլ աշխարհի տարբեր անկյուններում առկա է նոր ցեղասպանությունների,
մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների վտանգը։ Էթնիկ զտման սպառնալիքը
շարունակում է արդիական մնալ նաև հայ ժողովրդի համար, ինչի ապացույցն են 2020
թվականի 44-օրյա պատերազմն ու ադրբեջանական պետության հայատյաց քաղաքականությունը։
Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության սուրբ
նահատակների հիշատակի առջև և վերահաստատում մեր հանձնառությունը` հանցագործության
դատապարտման, ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործում։
Անհրաժեշտ ենք համարում մեկտեղել բոլոր ջանքերը՝ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում
համանման հանցագործությունները կանխելու և այդ ուղղությամբ պատշաճ
քաղաքականություն իրականացնելու հարցում։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան