Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա ՍԴ-ն
հակասահմանադրական է ճանաչել հանրային ծառայության մի շարք տեսակների համար
սահմանված՝ արհեստակցական կազմակերպության մասնակից լինելու բացարձակ արգելքը
Պաշտպանի դիմումի հիման վրա սույն թվականի ապրիլի 11-ին Սահմանադրական
դատարանը հակասահմանադրական է ճանաչել զինված ուժերի, ոստիկանության, ազգային
անվտանգության, դատախազության մարմինների ծառայողների, ինչպես նաև դատավորների և
Սահմանադրական դատարանի դատավորների համար սահմանված՝ արհեստակցական
կազմակերպության մասնակից լինելու բացարձակ արգելքը։
Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող ճանաչված
դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2023 թվականի նոյեմբերի 11-ը՝
հնարավորություն տալով Ազգային ժողովին մի շարք օրենքների իրավակարգավորումները
համապատասխանեցնելու ՍԴ որոշմանը:
Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը նաև Սահմանադրությանը
համապատասխանող է ճանաչել ազգային անվտանգության մարմինների ծառայողի՝ կրոնական
կազմակերպության անդամ լինելու և զինծառայողի՝ կրոնական միավորումներ ստեղծելու
արգելք սահմանող դրույթները։
Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի 23-ին Պաշտպանը դիմում էր
ներկայացրել Սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Ոստիկանությունում ծառայության
մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Ազգային անվտանգության
մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի,
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի
1-ին մասի 3-րդ կետի, «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի
5-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 41-րդ, 45-րդ, 78-րդ, 79-րդ
հոդվածներին։ Պաշտպանը վիճարկել էր սահմանված արգելքների համապատասխանությունը
կրոնի ազատության, միավորումների ազատության իրավունքներին, համաչափության և
որոշակիության սկզբունքներին։