Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ
Մանասյանն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Արցախի մարդու
իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ։
Տիկին Մանասյանն իր խոսքում առանցքային է
համարել Արցախի գործընկերոջ հետ արդյունավետ համագործակցության շարունակականության
ապահովումը և պատրաստակամություն հայտնել գործադրելու ջանքեր՝ այդ
համագործակցությունը խորացնելու և կատարելագործելու ուղղությամբ։
Կողմերը հատուկ անդրադարձ են կատարել
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում Արցախում տիրող
հումանիտար իրավիճակին, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի
խախտումներին ու քննարկել դրանց հասցեագրման հնարավորությունները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու այս ուղղությամբ երկու
հաստատությունների համատեղ աշխատանքը՝ միտված Ադրբեջանի կողմից մարդու
իրավունքների շարունակական խախտումների արձանագրմանը և թիրախային հասցեագրմանը։
Պարոն Ստեփանյանն, իր հերթին, շնորհավորել է
Պաշտպանին այս պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ և վերահաստատել
կայուն փոխգործակցության հանձնառությունը: