Ամփոփվել են «Վերաիմաստավորենք մարդու իրավունքները սոցիալական նորարարությունների միջոցով» մրցույթի արդյունքները
Մարտի 23-ին, ներկայացվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և ՄԻՊ-ի հետ համատեղ մեկնարկած «Վերաիմաստավորենք մարդու իրավունքները սոցիալական նորարարությունների միջոցով» մրցույթի արդյունքները։ Այն իրականացվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը» ծրագրի շրջանակում։
Մրցույթի նպատակն էր նորարական գաղափարների միջոցով բարձրացնել մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը՝ իրականացնելով ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված նախագծեր։ Մրցույթը հիմնված էր թիմային մոտեցման վրա: Յուրաքանչյուր թիմ պետք է բաղկացած լիներ առնվազն 3 մասնակցից 15 տարեկան և բարձր։ Մրցույթին ներկայացվել է թվով 38 դիմում-հայտ։ Հաղթող են ճանաչվել 3 թիմ։
1-ին տեղում Safe Childhood ծրագիրն է 1.000.000 ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով: Ծրագիրն իրականացվելու է բջջային հավելվածի միջոցով, որի հիմնական նպատակն է երեխաներին սովորեցնել, թե ինչ պետք է անել, երբ բախվում են դաժան վերաբերմունքի, վտանգավոր արարքի, բռնության, իրավունքների ոտնահարման՝ բակում, դպրոցում կամ այլ հասարակական վայրում։
2-րդ տեղում 650.000 ՀՀ դրամ ֆոնդով Kanani Podcast նախագիծն է, որը պլանավորում է իրականացնել պոդկաստերի շարք՝ իրազեկելու հասարակությանը մոբինգի վերաբերյալ, ինչպես նաև տրամադրելու հոգեբանական գործիքներ, որոնց շնորհիվ մոբինգի զոհերը ձեռք կբերեն սթրեսակայունություն և կսովորեն հակազդման ճիշտ ձևերը, ինչը կնպաստի երևույթի կանխարգելմանն ու առողջ հարաբերությունների ձևավորմանը:
3-րդ տեղում է «Դիանա Աբգար AR վիզուալիզացիա» թիմը՝ 300.000 ՀՀ դրամ ֆոնդով։ Նախագծի ստեղծած ծրագրի շնորհիվ օգտատերերը կկարողանան վիրտուալ կապ հաստատել 20-րդ դարի հայոց պատմության մեծագույն կին դիվանագետ, մարդու իրավուքների ջատագով Դիանա Աբգարի հետ, ծանոթանալ նրա կյանքին ու գործունեությանը՝ այդպիսով հանրության շրջանում բարձրացնելով մարդու իրավունքների ոլորտում հայտնի հայ գործիչների գործության մասին իրազեկվածությունը։
Թիմերին ողջունել և մրցանակներեն հանձնել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ժամանակավոր փոխարինող պարոն Հրանտ Ջիլավյանը։
ՄԻՊ-ի ժամանակավոր փոխարինող Հրանտ Ջիլավյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել մրցույթը կազմակերպելու և իրականացնելու համար։ Կարևորել նորարարությունների միջոցով մարդու իրավունքների խթանումը և առավել անվտանգ դարձնելը։ Նշել, որ որպես ՄԻՊ ներկայացուցիչ՝ պատրաստակաումություն է հայտնում համագործակցելու և աջակցելու մրցույթում հաղթող ճանաչված գաղափարների կյանքի կոչման հարցում։