Փետրվարի 20-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է այցելել (ոչ պաշտոնական այցով) ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ժաֆֆեն։
Այցելության ընթացքում հանդիպել է ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին առնընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի ներկայացուցիչների հետ։
ՄԻՊ-ին առնթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպման մեկնարկին կոմիտեի փոխնախագահը ներկայացրել է կոմիտեի դերը երեխաների իրավունքների պաշտպանության հարցում՝ նշելով, որ Կոմիտեն համաշխարհային մակարդակով վերահսկում է երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարվող աշխատանքները և վեր հանում խնդիրները։
ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ժաֆֆեն նշել է նաև, որ շատ կարևորում է երեխաների հետ հանդիպումները և ամեն անգամ ոգևորվում է երեխաների հետ հանդիպելիս՝ կարևորելով ՄԻՊ-ին առնթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով խորհրդի գործունեությունը ՀՀ-ում և իրականացրած գործողությունները։
Այնուհետև խորհրդի անդամները ներկայացրել են խորհրդին միանալու նպատակներն ու հետագա անելիքները, ինչպես նաև խորհրդի գործունեության շրջանակում իրականացված և նախատեսված աշխատանքները:
Հանդիպման շրջանակում քննարկվել են ՄԱԿ-ի երեխաների մասին կոնվենցիան։ Խորհրդի անդամները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը և քննարկել երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները։
Մասնավորապես, քննարկվել են երեխաների իրավունքների վերաբերյալ ոչ բավարար իրազեկվածության, կրթության իրավունքի իրացման խնդիրների և հավասար հնարավորությանների ապահովման, բուլինգի, խտրականության դրսևորումների, ինչպես նաև Արցախի շրջափակման հետևանքով երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ մի շարք հարցեր։