Փետրվարի 17-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի, Բորիանա Աբերգի և հանձնաժողովի քարտուղար Մեթյու Մոնինի պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական «էկո-ակտիվիստների» կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը և շրջափակման մեջ հայտնված անձանց իրավունքների խախտումները։
Պատվիրակության անդամները հետաքրքրվել են Արցախում տիրող իրավիճակից, մասնավորապես շրջափակման մեջ գտնվող մարդկանց կենսական պայմաններից, արգելափակման հետևանքով իրենց ընտանիքներ վերադառնալ չկարողացող մարդկանցից, սննդի, դեղորայքի, կենսական անհրաժեշտության այլ ապրանքների պակասից։
Այնուհետ, ՄԻՊ աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Աննա Կարապետյանը ներկայացրել է պաշտպանի հրապարակած արտահերթ զեկույցներն ու թարմացումները, այնտեղ տեղ գտած փաստերը՝ Ադրբեջանի էկո-ակտիվիստների կեղծ լինելու, Ադրբեջանի կառավարության հետ ճանապարհը ապօրինաբար փակած անձանց անմիջական կապերի, ատելության խոսքի պետական մակարդակով տարածման ու այլ հարցերի մասին։
Աշխատակազմի ներկայացուցիչները ներկայացրել են նաև ՄԻՊ-ի կատարած աշխատանքը, պատվիրակության անդամներին փոխանցել Ադրբեջանի կողմից հայատյացության շարունակվող քաղաքականության, հրապարակված արտահերթ զեկույցները։
Մտքեր են փոխանակվել հարցի շուրջ ՄԻՊ-ի և մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցների հետ համագործակցության վերաբերյալ։