Փետրվարի 16-ին կազմակերպվել է «Մարդու իրավունքների պաշտպանի դերը ազդարարների պաշտպանության հարցում» խորագրով աշխատաժողովը միջազգային փորձագետների մասնակցությամբ։
Աշխատաժողովը նպատակ է հետապնդել զարգացնելու Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունները ազդարարների և նրանց հետ փոխկապակցված անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության հարցերում, ինչպես նաև քննարկելու Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մանդատն այս ոլորտում։
Աշխատաժողովի ընթացքում Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի Հետազոտությունների հարցերով ղեկավարի տեղակալ Մորտեն Անդերսենը ներկայացրել է ազդարարման ինստիտուտի, ազդարարների և նրանց հետ փոխկապակցված անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության վերաբերյալ միջազգային ստանդարտները, գործող իրավակարգավորումները և մարտահրավերները։
Մասնագետները կիսվել են ոլորտում միջազգային լավագույն փորձի օրինակներով, նաև պատասխանել Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ինստիտուտի գործունեությանը, այն Հայաստանում առավել արդյունավետ դարձնելու մեխանիզմներին։ Նյութի ներկայացմանը հետևել է հարցուպատասխան։
Հարկ է ընդգծել, որ 2022թ.-ի օրենսդրական փոփոխությունների արդյունքում սահմանվել են Մարդու իրավունքների Պաշտպանի լիազորությունները ազդարարների պաշտպանության հարցում, համաձայն որի՝ Պաշտպանն ազդարարների պաշտպանության ոլորտում իրականացնում է մոնիտորինգ և տվյալների հավաքում, ինչպես նաև հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց, կազմակերպությունների կողմից ազդարարների իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է ազդարարների իրավունքների և ազատությունների վերականգնմանը: