Ի պատասխան տարբեր հարցումների, Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացնում է, որ մտահոգիչ էր տեսնել, որ CIVILNET-ի կողմից, որն ունի մասնագիտական և էթիկական բարձր ստանդարտներ կիրառող լրատվամիջոցի հեղինակություն, տարածվել էր Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ CIVILNET-ի լրագրողի հարցազրույցի նախապես արված տեսագրությունը, որում պարոն Բաբայանը անհատական ֆիզիկական հատկանիշների համար անձնապես թիրախավորել էր պատմական փաստերի վերաբերյալ իր կարծիքն արտահայտած լրագրող պարոն Թաթուլ Հակոբյանին, ինչպես նաև թիրախավորելով պարոն Հակոբյանի լրագրողական մասնագիտական գործունեությունը՝ հնչեցրել էր բռնության կոչ վերջինիս նկատմամբ։
Հուսադրող էր, տեսնել, որ լրատվամիջոցը ժամեր անց, տեխնիկապես խմբագրել էր տեսանյութի նշված հատվածը, որը մինչ այդ պահը դիտել էր շուրջ 200 հազար օգտատեր, սակայն ցավալիորեն, եթերում հրավիրված հյուրի կողմից հնչեցված բռնության կոչը վերատադրվել էր կատարվածի վերաբերյալ լրատվամիջոցի կողմից արված բացատրական հրապարակման տեքստում։ Լրատվամիջոցը նաև մինչ այս պահը չի հեռացրել բացատրական հրապարակման ներքո օգտատերերի կողմից արված բռնության կոչերը։
Ու թեև սպասելի է, որ պատմական ակտուալ ու ցավոտ հարցերի շուրջ քննարկումների ընթացքում ռազմական ու քաղաքական գործիչները, լրագրողներն ու իրավապաշտպանները կարող են սուր բառապաշար օգտագործել, սակայն բոլորիս պարտքն է խոսքի ազատության, մասնագիտական կարծիքի արտահայտման մեր իրավունքներն իրացնելիս բացառել բռնության կոչերը՝ որպես հարցերի լուծման միջոց։ Մյուս կողմից, մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողները պետք է օգտվեն առավելագույն պաշտպանությունից՝ միտված ապահովելու բավարար պայմաններ նրանց մասնագիտական ու իրավապաշտպան գործունեության համար։ Իրենց հերթին պատասխանատու լրատվամիջոցները մեծ դերակատարում ունեն այս իրավունքների երաշխավորման համար։