Դեկտեմբերի 12-13-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի համագործակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ ՄԻՊ-ի աշխատակազմի, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։
Միջոցառման շրջանակում ներկայացվել են ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների կողմից իրականացված «Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համակարգային խնդիրների վերհանում և լուծումների առաջարկում» և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում համակարգային խնդիրների վերհանում և լուծումների առաջարկում» վերտառությամբ հետազոտությունների արդյունքները։
Քննարկման առաջին օրը ներկայացվել է հետազոտությամբ վեր հանված երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հետևյալ համակարգային խնդիրները՝
Երեխայի նկատմամբ վատ վերաբերմունքը, այդ թվում՝ բռնությունը,
Երեխայի կրթության իրավունքի սահմանափակումը կրթությունից դուրս մնալու հետևանքով,
Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության շարունակական խնդիրները։
Քննարկման երկրորդ օրը ներկայացվել է հետազոտությամբ վեր հանված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հետևյալ համակարգային խնդիրները՝
Իրազեկման միջոցառումներ՝ ուղղված կարծրատիպային և խտրական մոտեցումների վերացմանը,
Անձի ֆունկցիոնալության և կարիքահեն ծառայությունների գնահատման համակարգի վերանայում, մասնավորապես՝ բժշկասոցիալական հանձնաժողովների գործունեության համատեքստում,
Ֆիզիկական միջավայրի մատչելիության ապահովում։
Երկու օրերին տեղի ունեցած հանդիպումների համատեքստում, ի թիվս այլնի, ներկայացվել են նաև հետազոտություններում ներկայացված առաջարկները, որոնք ուղղված են բարձրացված խնդիրների լուծմանը։
Դեկտեմբերի 13-ին հանդիպմանը ներկա է եղել նաև ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը, ով իր ելույթում ողջունել և շնորհակալություն է հայտնել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամին ՄԻՊ աշխատակազմի հետ արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամին (IRZ) հետազոտությունների մշակմանը փորձագիտական աջակցության ցուցաբերման համար: Իր խոսքում Պաշտպանն ասել է, որ թե այսօր ներկայացվելիք և թե երեկ ներկայացված (երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներ և լուծումներ) ուսումնասիրություններում տեղ գտած խնդիրները և ՀԿ-ների կողմից բարձրացված խնդիրների գույքագրումը ուղղված կլինեն ոլորտի իրավական և գործնական կատարելագործմանը։
Պաշտպանը խոսել է նաև օրենսդրական փոփոխությունների մասին, շեշտել, որ 2021 թվականին ընդունվել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» նոր օրենքները, սակայն մի շարք հիմնական դրույթներ դեռևս ուժի մեջ չեն մտել։ 2022 թվականի նոյեմբերի 16-ին ԱԺ-ի կողմից վավերացվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիայի կամընտիր արձանագրությանը։ Իրականացված բարեփոխումների նպատակն է օգնել, որ հաշմանդամություն ուենցող անձինք կարողանան իրենց կյանքը լիարժեք իրականացնել։ Նշել է, որ պետք է հասկանալ՝ նոր օրենսդրությունն ինչպես է աշխատում։
Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ պետք է հասկանալ՝ նոր օրենսդրությունն ինչպես է աշխատում՝ մշտադիտարկելով իրագործումը։
Գրիգորյանը կարևորել է նաև հանրային ընկալման մեջ կատարվող փոփոխությունները և հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության բացառմանը միտված ջանքերի ինտենսիվացումը։
Ըստ Պաշտպանի՝ պետք է եռապատկել ջանքերը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին իրազեկման ու կրթության աշխատանքներում։