Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» ամենամյա միջազգային քարոզարշավի շրջանակներում՝ պատրաստել է գրառումների շարք, որոնք հատուկ մշակված նկարների միջոցով պատմում են ընտանիքում բռնության և դրա դեմ պայքարում Մարդու իրավունքների պաշտպանի դերն արտացոլող և մի քանի մասերից բաղկացած միասնական մեկ պատմություն:
ՄԱՍ 5.
Մարդու իրավունքների պաշտպանը իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է ընտանիքում բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությունը։
Մարդու իրավունքների պաշտպանն ի թիվս այլնի․
ընտանիքում բռնության դեպքով դիմած անձին պարզաբանում է բռնության ենթարկված անձանց իրավունքների ու հասանելի ծառայություններից օգտվելու հնարավորությունները․
ըստ անհրաժեշտության՝ աջակցում է ընտանիքում բռնության ենթարկված անձանց իրավունքներն իրացնելու ու հասանելի ծառայություններից օգտվելու հարցում, այդ թվում՝ իրավապահ մարմիններ ու ընտանիքում բռնության կանխարգելման և պաշտպանության գործառույթներ իրականացնող այլ մարմիններ և հատուկ կառույցներ դիմելու միջոցով․
ուսումնասիրում է անձանց՝ ընտանիքում բռնության հարցերով անհատական բողոքներն ու դիմումները և ուսումնասիրությունների արդյունքներով պայմանավորված իր իրավասությունների շրջանակներում ապահովում է մարդու իրավունքների պաշտպանություն․
ընտանիքում բռնության դեմ պայքարի շրջանակներում իրականացնում է իրազեկման աշխատանքներ․
նպաստում է ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտի օրենսդրության կատարելագործմանը։
2021 թվականին Մարդու իրավունքների պաշտպանին է հասցեագրվել 105 դիմում-բողոք, որոնցով բարձրացվել են ընտանեկան բռնությանն առնչվող հարցեր:
2016 թվականից սկսած՝ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված՝ ընտանեկան բռնության խնդիրներով պայմանավորված բողոքների թիվն աճել է:
Այսպես, 2016 թվականի ընթացքում ընտանիքում բռնության հարցերով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է ներկայացվել ընդամենը 6 բողոք, 2017 թվականին՝ 24 բողոք, 2018 թվականին՝ 50 բողոք, 2019 թվականին՝ 91 բողոք, 2020 թվականին՝ 127 բողոք, 2021 թվականին՝ 105 բողոք:
Ընտանիքում բռնության դեմ պետք է պայքարել միասնական ջանքերով։
Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու համար զանգահարե՛ք Պաշտպանի թեժ գիծ՝ 116 անվճար հեռախոսահամարով։