Նոյեմբերի 23-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել աշխատաժողով «ԵԽ Նախարարների կոմիտեի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման վերահսկողություն/Կանոն 9» թեմայով։ Աշխատաժողովին մասնակցել է նաև ներկայացուցիչ ՀՀ փաստաբանների պալատից:
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ներկայացուցիչները խոսել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման փուլում դերակատարների ներգրավման գործընթացների, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե հատուկ դիրքորոշումների ներկայացման փուլերի և ընթացակարգերի մասին: ՄԻՊ ներկայացուցիչները ներկայացրել են Պաշտպանի մանդատը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման փուլում Պաշտպանի ներգրավման ոլորտում, ինչպես նաև կիսվել են Կանոն 9-ի շրջանակում ԵԽ Նախարարների կոմիտե ներկայացված Պաշտպանի հաղորդակցությունների լավագույն փորձով:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկման առարկա են դարձրել նաև ՄԻԵԴ վճիռների կատարման փուլում Պաշտպանի ներգրավման, ինչպես նաև ՄԻԵԴ ներկայացված գանգատներով որպես երրորդ կողմ հանդես գալու վերաբերյալ գործնական հարցեր:
Կողմերը խոսել են նաև ԵԽ Նախարարների կոմիտեի Կանոնների վերջին զարգացումների, ինչպես նաև պետության կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացի ներկա իրավիճակի մասին։
Հանդիպման ավարտին երկու գրասենյակի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել և ձեռք են բերել շարունակական համագործակցության պայմանավորվածություն՝ նախանշելով համագործակցության հնարավոր ձևաչափերը:
Միջոցառումն իրականացվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից։