Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 4-ին Գյումրիում ներկա է գտնվել «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի և «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի (ԱԿՌԿ) նոր շենքի հանդիսավոր բացման արարողությանը։ «Ագաթը» ՀԿ-ն Պաշտպանին առընթեր Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի անդամ է։
Պաշտպանը բոլորին շնորհավորել է «Ագաթ» ռեսուրսային կենտրոնի բացման օրվա առթիվ՝ նշելով, որ այն նախանշում է հսկայածավալ աշխատանքների սկիզբ, որը գտնվում է լավագույն ձեռքերում. «Այո՛, ոչ մի որոշում և ոչ մի բան մեր մասին՝ առանց մեզ։ Ես շատ ուրախ եմ տեսնել, որ հենց այս սկզբունքն է ընկած կենտրոնի հիմքում։ Համոզված եմ, որ այս կենտրոնը լինելու է օրինակ, որից ոգեշնչված մենք բոլորս պետք է շարունակենք տարածել, բազմապատկել այս օրինակները՝ փորձելով ընդլայնել նմանատիպ ծրագրերի շրջանակը ողջ երկրով»,-ասել է Գրիգորյանը։ Գրիգորյանի խոսքով՝ «Ագաթ» հասարակական կազմակերպության 15 տարվա պատմությունը և զարգացման ճանապարհը շատ նման են մեր երկրում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերում զարգացման ճանապարհին. «Բայց «Ագաթի» գործունեությունը դրականորեն առաջ է անցել պետությունից, և ես ուզում եմ այս առիթով հրավիրել կառավարության կոլեգաների ուշադրությունը՝ օգտագործելու, բազմապատկելու այս կարողությունը, այս նվիրումը։ Դա է լինելու մեր հաջողության գաղտնիքը»,-ասել է Պաշտպանը։
Գրիգորյանն իր խոսքում վստահեցրել է, որ լինելով «Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը՝ որպես ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կոնվենցիայի ազգային մեխանիզմ, շարունակելու է համագործակցությունը «Ագաթ» հասարակական կազմակերպության, ինչպես նաև մյուս կազմակերպությունների ու դերակատարների հետ, ովքեր լծված են Հայաստանն ավելի մատչելի դարձնելու հաշմանդամություն ունեցող անձանց ու բոլորի համար:
Բացման արարողությունից հետո ներկաները շրջայց են իրականացրել նորաբաց կենտրոնում՝ ծանոթանալու առաջարկվող պայմաններին և հնարավորություններին: