Հոկտեմբերի 15-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը, որի կազմում էին խորհրդարանականներ Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը, Միշել Մատերն ու Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը։ Հանդիպմանը մասնակցել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցը։
Քրիստիննե Գրիգորյանը, ողջունելով Շվեյցարիայի խորհրդարանականների պատվիրակությանը, շնորհակալություն է հայտնել Հայաստան և ՀՀ ՄԻՊ գրասենյակ այցի համար, ապա ներկայացրել հաստատության գործառույթները, դերը և մանդատը: Իր խոսքում Պաշտպանն անդրադարձել է սեպտեմբերի 13-15-ը ՀՀ սուվերեն տարածքի վրա ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով մարդու իրավունքների շարունակական խախտումներին ու հումանիտար իրավիճակին, ներկայացրել է պատերազմական հանցագործությունները, որոնք արձանագրված են Պաշտպանի արտահերթ զեկույցներում։ «Չկա անվտանգություն առանց մարդու իրավունքների և երաշխավորված չեն մարդու իրավունքներն առանց անվտանգության»,- շեշտել է Գրիգորյանը:
Պաշտպանը պատասխանել է պատվիրակության անդամներին հետաքրքրող հարցերին՝ ներառյալ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող առաջնահերթություններին։
Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին կատարվող աշխատանքի համար։