Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Երևանում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից դասընթաց-քննարկում էր կազմակերպվել «Ձերբակալված անձանցպահման վայրերում կանխարգելման ազգային մեխանիզմի արձանագրած հիմնախնդիրները» խորագրով։
Բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչ Տիգրան Գրիգորյանը ու ՀՀ ոստիկանության շտաբի ներկայացուցիչ Արմեն Սարգսյանը։
Դասընթացը վարեցին Կանխարգելման ազգային մեխանիզմի ներկայացուցիչները՝ ՄԻՊ աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը, Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության գլխավոր մասնագետ Մարգարիտա Բրսոյանը, Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետի տեղակալ Հովհաննես Ղուկասյանը։ Միջոցառման շրջանակներում քննարկվեցին ձերբակալված անձանց պահման վայրերում ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման կազմակերպմանը, պահման պայմաններին, ինչպես նաև որպես խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման երաշխիք ազատությունից զրկված անձանց իրավունքների իրացման փաստաթղթավորմանը և այլ խնդիրներին առնչվող հարցեր։
Ներկայացվեցին խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ոլորտի ներպետական և միջազգային չափանիշները, Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի մանդատը և գործառույթները:
Նախատեսվում է դասընթաց-քննարկումներ կազմակերպել Ոստիկանության այլ մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ ևս։
Միջոցառումներն իրականացվում են «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից։