ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց սեպտեմբերի 13-ից մեկնարկած Հայաստանի Հանրապետության վրա ադրբեջանական զինված ուժերի հարձակման ու դրան հաջորդած օրերի ընթացքում Պաշտպանի հաստատության կողմից հրապարակված արձանագրված, փաստագրված մարդու իրավունքների շարունակական ու համատարած խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույցները։ Սեպտեմբերի 16-ին հրապարակված զեկույցում ներկայացվել են սեպտեմբերի 13-15-ը տեղի ունեցած իրադարձությունները, զեկույցն ունի նաև փակ հատված։ Հոկտեմբերի 4-ին հրապարակվել է զեկույցի թարմացված տարբերակ՝ ամբողջական փաստական տվյալներով, և առանձին փակ զեկույց խոշտանգումների և վատ վերաբերմունքի փաստերով:
Զեկույցի բաց հատվածում ներկայացվել են մարդու իրավունքների խախտումները՝ քաղաքացիական անձանց թիրախավորում, քաղաքացիական կենսական ենթակառուցվածքների թիրախավորում, երեխաների իրավունքների խախտումներ, հաշմանդամություն ունեցող անձանց խախտումներ։ Առանձին հատված է առանձնացվել հայատյացության օրինակների վերաբերյալ. «Զեկույցներում ներկայացված փաստերը Պաշտպանի կողմից ապացուցման, հաստատման մեր ստանդարտով ճշտված տեղեկություններն են»,- ասաց Գրիգորյանը։
Պաշտպանը խոսեց նաև ադրբեջանական կողմից տեղեկատվական հարձակումների, Ադրբեջանում հայատյացության քաղաքականության, տարբեր սոցհարթակներում ադրբեջանական հարձակման խմբերի մասին. «Մենք ունենք իրենց ստացած կարգադրությունների վերաբերյալ ապացույցներ, թե կոնկրետ ում էջերի վրա պետք է հարձակվել»։
Ինչ վերաբերում է հայ գերեվարված զինծառայողների սպանության տեսանյութին, կին զինծառայողների մարմինների անարգման, անդամահատման դեպքերին ու Ադրբեջանում նմանատիպ դեպքերի վերաբերյալ իրականացվող իբր քննություններին, Գրիգորյանն ասաց. «Նման գործեր հարուցելն ադրբեջանական իշխանությունների կողմից միջազգային հանրության աչքին շղարշ ստեղծել է»։
Պատասխանելով լրագրողի հարցին՝ ադրբեջանական զինծառայողների կողմից հայ գերեվարված զինծառայողների սպանության տեսանյութի վերաբերյալ միջազգային արձագանքի վերաբերյալ, Գրիգորյանն ասաց, որ այն բավականաչափ արագ էր ու հասցեական։
Ինչ վերաբերում է ադրբեջանցի զինծառայողների նկատմամբ հանցագործությունների մասին Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությանը, Գրիգորյանն ասաց, որ դիմել է վերջինիս. «Ես խնդրել եմ ինձ տրամադրել այն տեսանյութերը, որոնք իր համոզմամբ, կարծիքով կարող են առերևույթ խոսել հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանական զինվորների կամ գերիների մարմինների խոշտանգումների վերաբերյալ։ Նա ասել է, որ անպայման կուղարկի, սակայն մինչ այս պահը ես չունեմ այդ տեսանութերը»։
Այն հարցին՝ արդյոք այցելել եք գերությունից վերադարձած զինծառայողներին, Գրիգորյանն ասաց, որ Պաշտպանի թիմերն անհատական առանձնազրույցներ են ունեցել նրանց հետ, ինչի վերաբերյալ հաստատությունն առանձին զեկույց է ներկայացնելու։
Գրիգորյանը նաև պատասխանեց, որ փորձել է Ադրբեջանում գտնվող հայ գերիների պահման պայմանների վերաբերյալ տեղեկություններ ստանալ այդ թվում ադրբեջանցի իր կոլեգայից, ով այդպես էլ չի արձագանքել։
Պաշտպանը խոսեց սահմանամերձ համայնքներ կատարած այցերի, քաղաքացիների բարձրացրած հարցերի, վեր հանված խնդիրների մասին։