ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ հաստատվել է Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեության կարգը և անհատական կազմը: Խորհուրդը ձևավորվել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում փորձ ունեցող հասարակական կազմակերպություններից և անկախ մասնագետներից, ովքեր ընտրվել են անդամության հրավերի հիման վրա ստացված հայտերի ուսումնասիրության արդյունքում։
Նոր հասարակական խորհրդի ձևավորումը պայմանավորված էր 2021 թվականի օգոստոսի 9-ին Պաշտպանի որոշման համաձայն գործող հասարակական խորհրդի գործունեության ժամկետը լրանալու հանգամանքով։
Խորհրդի գործունեության հաստատված կարգի համաձայն՝ հասարակական խորհրդի նպատակն է, որպես խորհրդատվական մարմին, աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանը:
Խորհրդի խնդիրներն են.
աջակցել Պաշտպանին հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցության բարձրացմանը,
նպաստել հաշմանդամության ոլորտում մարդու իրավունքների վիճակի անընդհատ բարելավմանը, ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանն ուղղված հետազոտությունների, ուսումնասիրությունների կամ վերլուծությունների իրականացումը, համակարգային խնդիրների վերհանումը և դրանց հիման վրա Պաշտպանին առաջարկներ ներկայացնելը:
Խորհրդի գործունեության կարգը և անհատական կազմը հասանելի է հետևյալ հղմամբ։