Սեպտեմբերի 6-ին տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում իրականացվող ՄԻՊ աշխատակիցների վերապատրաստման դասընթաց:
Դասընթացի նպատակն էր քրեադատավարական նոր օրենսդրության լույսի ներքո զարգացնել ՄԻՊ աշխատակազմի կարողությունները՝ ապահովելու համար Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող ամենօրյա մոնիթորինգի ու արձագանքման արդյունավետությունը։
Ողջույնի խոսքով հանդես եկան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանն ու ծրագրի ղեկավար Գայանե Հովհաննիսյանը։ Դասախոսությունն անցկացրեց ԵԽ ազգային փորձագետ, Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հրայր Ղուկասյանը։
Դասընթացի շրջանակում անդրադարձ է կատարվել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով ներդրված նոր ինստիտուտներին և կարգավորումներին։ Քննարկվել են նաև խափանման միջոցների նոր համակարգին և ներդրված նոր տեսակի խափանման միջոցներին, գույքի արգելադրմանը վերաբերող հարցեր, քրեական վարույթ նախաձեռնելու, հանրային քրեական հետապնդմանը, վարույթին ներգրավված անձանց հատուկ պաշտպանությանը, գույքային հայց և ռեաբիլիտացիային վերաբերող նոր օրենսդրական կարգավորումները։
*****
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրի շրջանակներում։