ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը սեպտեմբերի 2-ին հանդիպել է «Հոդված 3» ակումբ • "Article 3" Club կողմից կազմակերպված «Լրագրողները՝ հանուն մարդու իրավունքների» աշխատաժողովի մասնակից լրագրողների հետ։ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար՝ նշելով, որ իր համար իրավապաշտպան գործունեության մեջ լրագրողներն ամենաբնական դաշնակիցներն են։ Գրիգորյանը հանձնառությունն է հայտնել հետագա շփումների, հանդիպումների հարցերում, նաև պատրաստակամություն հայտնել տրամադրել խորհրդատվություն։ Բացման խոսքից հետո Պաշտպանն աշխատաժողովին մասնակցող լրագրողներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունները, լիազորությունների շրջանակը, գործունեության երաշխիքները, ինչպես նաև խոսել է А դասի միջազգային կարգավիճակի մասին՝ նշելով, որ Հայաստանի Պաշտպանի հաստատությունը հենց A տեսակի է սկսած 2006 թվականից։
Ելույթից հետո Պաշտպանը պատասխանել է լրագրողների հարցերին՝ պաշտպանի ընտրության մեխանիզմների, հաստատության միջազգային հավատարմագրման, խոցելի խմբերի խնդիրների, ընտանեկան բռնության վիճակի վերաբերյալ։
Գրիգորյանը, արձագանքելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև Արցախի Պաշտպանի հաստատության հետ համագործակցությանը, Արցախից տարհանված բնակչության սեփականության իրավունքի, Բաքվում գտնվող հայ ռազմագերիների ու պահվող անձանց խոշտանգումից զերծ պահելու հարցերին, այդ նպատակով Ադրբեջանի հանձնակատարի հետ հաղորդակցություն սկսելու իր փորձերին։
Ինչ վերաբերում է Պաշտպանի հաստատության նկատմամբ քաղաքացիների վստահությանը, Գրիգորյանը հիշեցրել է, որ հաստատությունն ունի Թեժ գիծ, որը գործում է 24/7 ռեժիմով։
Հավելել է, որ 2021 թ․-ին հաստատությունը 21 հազարից ավել դիմում-բողոքի ընթացք է տվել, 2020թ-ի համեմատ 47% ավել, իսկ Պաշտպանի միջամտությամբ դրական լուծում ստացած գործերի թիվն աճել է 25%-ով։ Իսկ Թեժ գծին ստացվել է ավելի քան 14 հազար զանգ, ինչը նախորդ տարվանից ավել է 20%-ով։ Ընդհանուր առմամբ ըստ տարիների կա կայուն աճի դինամիկա, ինչը, Պաշտպանի խոսքերով՝ հիմք է տալիս ասելու, որ հաստատությունը ճանաչված է, անձինք դիմում են, ինչը վստահության ապացույց է։
****
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը 2006 թվականից ունի «A» միջազգային կարգավիճակ, ինչը վկայում է ՄԱԿ Փարիզյան սկզբունքներին համապատասխան գործող լիովին անկախ ու անկողմնակալ պաշտպանական ազգային հաստատություն լինելու մասին: