Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը օգոստոսի 26-ին հանդիպել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակից երեխաների հետ:
Հանդիպման սկզբում Պաշտպանը երեխաներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում՝ ընդգծելով իրավունքի խախտումների կանխարգելման և վերականգնման հարցում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործառույթները և լիազորությունների շրջանակը:
Քրիստիննե Գրիգորյանը երեխաների հետ զրուցել է վերջիններիս իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ: Մասնավորապես՝ հարց ու պատասխանի միջոցով քննարկվել են մարդու արժանապատվության, հիմնական իրավունքների և ազատությունների, կրթություն ստանալու իրավունքի իրացման, ներառական միջավայրի ձևավորման, կրթական համակարգում երեխաների պոտենցյալի բացահայտման համար անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ մի շարք հարցեր:
Պաշտպանը մասնակիցներին ներկայացրել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ Պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի ստեղծման մեկնարկի մասին: