Օգոստոսի 3-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ֆրանսիական «Շարժում» (Charjoum le mouvement) ասոցիացիայի ներկայացուցիչներին։
Հանդիպման սկզբում «Շարժում» ասոցիացիայի ներկայացուցիչները Պաշտպանին են ներկայացրել ասոցիացիայի առաքելությունը, որը հանգում է Ֆրանսիայում, Հայաստանում և Արցախում հայապահպանությանը, մարդու իրավունքների երաշխավորմանն ու արդարադատության հարցերին։
Ասոցիացիայի կողմից իրականացվող ծրագրերը կրում են հայրենասիրական և մարդասիրական բնույթ։
Երիտասարդները Պաշտպանին են ներկայացրել, որ ի թիվս այլ ծրագրերի, իրենք աշխատում են 44-օրյա պատերազմի հետևանքներն իրենց վրա կրող արցախահայության, հատկապես՝ երեխաների ու երիտասարդների հետ՝ թիրախավորելով կրթությունը, զարգացումն ու իրավազորումը։
Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանն անդրադարձել է հաստատության մանդատի շրջանակներում ձևավորված գործունեության առաջնահերթություններին և գրասենյակի աշխատանքին՝ մարդու իրավունքներին առնչվող տարբեր ոլորտներում:
Քրիստիննե Գրիգորյանը բարձր է գնահատել «Շարժում» (Charjoum le mouvement) ասոցիացիայի, թե առաքելությունը և թե իրականացվող ծրագրերի օգտակարությունը։
Պաշտպանը նաև կիսվել է սահմանամերձ բնակավայրերի ու Արցախի երիտասարդության խնդիրների մասին իր հետևություններով և ասոցիացիային ի թիվս այլնի, առաջարկել իրենց աշխատանքներում դիտարկել տեղերում երիտասարդների հետ շփումների ու փոխանակումների ակտիվացումը։
Ասոցիացիայի ներկայացուցիչները Պաշտպանին են ներկայացրել իրենց գործունեության ընթացքում հանդիպած խնդիրներն ու մտքեր փոխանակել հնարավոր լուծումների վերաբերյալ։