Ամառային զորակոչի ընթացքը տեղում դիտարկելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը և Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն հուլիսի 18-ին այցելել են ՊՆ Կենտրոնական հավաքակայան:
Պաշտպանը ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի և կենտրոնական հավաքակայանի ղեկավար կազմի հետ շրջայց է կատարել հավաքակայանում:
Պաշտպանը հետևել է զորակոչի ընթացքին, ծանոթացել հավաքակայանում զորակոչի կազմակերպման առկա պայմաններին, զորակոչիկների դիմավորման, ընդունման, գրանցման կարգին, ինչպես նաև հետևել է զինվորական ծառայության վայրի վիճակահանության գործընթացին:
Հավաքակայանում շրջայցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել բժշկական հանձնաժողովի աշխատանքներին ու զորակոչիկների բուժզննումների ընթացքին: Բժիշկների հետ քննարկվել են զորակոչիկների հետազոտության ընթացքի ու մեթոդների հետ կապված հարցեր:
Զորակոչիկների հետ առանձնազրույցում հատուկ ուշադրություն է դարձվել նրանց առողջական վիճակի հետ կապված հարցերին, բարոյահոգեբանական վիճակին, անդրադարձ է կատարվել նրանց հետաքրքրող հարցերին, զորակոչիկներին ներկայացվել է իրենց իրավունքները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը:
Պաշտպանը շնորհավորել է զորակոչիկներին զինված ուժերի շարքերը համալրելու առթիվ, մաղթել խաղաղ ու անվտանգ ծառայություն՝ նշելով, որ իրենց իրավունքների հետ կապված հարցերը լինելու են Պաշտպանի ամենօրյա ուշադրության ու հոգածության ներքո:
Այցի ավարտին առանձին քննարկում է եղել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի և կենտրոնական հավաքակայանի ղեկավար կազմի հետ, Պաշտպանին են ներկայացվել զորակոչին առնչվող և առաջնային լուծում պահանջող մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ զորակոչիկների առողջական խնդիրների, կրթության ցենզի, տարկետումների, զինվորական ծառայության գրավչության բարձրացման վերաբերյալ և այլն:
Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի ներկայացուցիչների՝ այցի ընթացքում դրսևորած համագործակցության բարձր մակարդակը, որն, իհարկե, դրական ազդեցություն է ունենում զինծառայողների իրավունքների պաշտպանությունն առավել արդյունավետ կազմակերպելու գործում: