Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծի հեռախոսահամարին ստացված զանգի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ իրականացրած արագ արձագանքման այցի ընթացքում արձանագրել են, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքում հաշվառված օտարերկրացի կալանավորված անձը փակ ռեժիմային գոտում պահվել է մեկուսի, որտեղ ստացել է բուժում՝ իր կամքին հակառակ:
Խախտման որոշմամբ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ Քրեակատարողական հիմնարկներում փաստացի անազատության մեջ գտնվելու ընթացքում օտարերկրացի կալանավորված անձի համար պետությունը չի ապահովել անհրաժեշտ և բավարար պահման պայմաններ, ազգականների հետ կապ, ոչ հոժարակամ հոգեբուժական օգնության և սպասարկման պատշաճ տրամադրում, անձի համար մայրենի կամ այլ հասկանալի լեզվով հաղորդակցություն, վնասվածքների պատշաճ զննություն ու արձանագրում, ինչի արդյունքում խախտվել են անձի առողջության պահպանման, անձնական անձեռնմխելիության, արտաքին աշխարհի հետ կապի պահպանման, ինչպես նաև խոշտանգումների և վատ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքները:
Մարդու իրավունքների պաշտպանը խախտման որոշմամբ արձանագրել է, որ կալանավորված անձի նկատմամբ առանց իր համաձայնության և այլ անհրաժեշտ իրավական հիմքերի, հարկադրաբար իրականացվել է հոսպիտալացում, իր կամքին հակառակ, առանց պատշաճ հիմնավորման, կիրառվել են բժշկական միջամտություններ՝ մեկուսացման և հանդարտեցման դեղորայքային միջոցներ: Արդյունքում, կալանավորված անձը զրկված է եղել սեփական մարմնի նկատմամբ իրականացվող բժշկական միջամտության վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորությունից, ինչի հետևանքով խախտվել են վերջինիս ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և առողջության պահպանման իրավունքները:
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձի նկատմամբ հոգեբուժական բաժանմունքում ինչպես հոսպիտալացումը, այնպես էլ փաստացի ոչ հոժարակամ բուժումն իրականացվել են օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով, ինչն էլ հանգեցրել է նաև անձի՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքի խախտման:
Պարզվել է նաև, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կատարած ինքնասպանության փորձից հետո բժիշկ-մասնագետների կողմից պատշաճ բժշկական զննության չի ենթարկվել և պատշաճ բժշկական օգնություն չի ստացել: Հոգեբույժի կողմից զննվել է դեպքից միայն 4 օր հետո։ Բժշկական անձնակազմի կողմից չի գնահատվել անձի ինքնասպանություն գործելու ռիսկայնությունը:
Ավելին, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքում հոսպիտալացվելու կապակցությամբ՝ չի գնահատվել կալանավորված անձից բխող ենթադրյալ վտանգը (ներառյալ՝ իր կամ այլ անձանց կյանքի կամ առողջության համար), ինչպես նաև առանց հոսպիտալացման անձի բուժումն արդյունավետ չկազմակերպելու հետևանքները, հոգեբուժական օգնությունն ուշացնելու և անձի կյանքին, առողջությանը կամ շրջապատին վտանգ ներկայացնելու հանգամանքները:
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև, որ ստացիոնար ընդունվելիս կալանավորված անձի համաձայնության բացակայության պարագայում վերջինս 72 ժամվա ընթացքում հոգեբուժական հանձնաժողովային զննության չի ենթարկվել և ոչ հոժարակամ բուժում սկսելու գործընթաց նախաձեռնված չի եղել:
Հիվանդության պատմագրում բացակայել են կալանավորված անձի մեկուսի պահելու հիմքերը, առկա չի եղել հոգեբուժական հանձնաժողովի կամ բժիշկ-հոգեբույժի կողմից համապատասխան և պատճառաբանված որոշումը:
Խախտման որոշմամբ արձանագրվել է, որ Քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնակատարի կողմից կայացվել է որոշում՝ կալանավորված անձին՝ փակ ռեժիմային գոտու հիվանդախցում միայնակ պահելու մասին, որը եղել է առանց բավարար հիմքերի:
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև, որ օտարերկրացի կալանավորված անձին հասկանալի լեզվով, համապատասխան թարգմանչի միջոցով չեն իրազեկել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի իրավունքների, ազատությունների, դրանց սահմանափակումների, ինչպես նաև հոգեկան խանգարման բնույթի, առաջարկվող բուժման նպատակի, մեթոդաբանության, տևողության, ինչպես նաև կողմնակի ազդեցության և ակնկալվող արդյունքների, հոգեբուժական օգնությունից և սպասարկումից հրաժարվելու հետևանքների վերաբերյալ:
Քրեակատարողական հիմնարկներում գտնվելու ընթացքում չի ապահովվել օտարերկրացի կալանավորված անձի հաղորդակցությունը հարազատների հետ, ինչի արդյունքում խախտվել է նաև վերջինիս արտաքին աշխարհի հետ կապի պահպանման իրավունքը:
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում չի ապահովվել պահման պատշաճ պայմաններ՝ չի տրամադրվել անկողնային պարագաներ և սպասք: Միայն Պաշտպանի ներկայացուցիչների միջամտությամբ է կալանավորված անձին տրամադրվել անկողնային պարագաներ և սպասք:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակի շրջանակում իրականացվող մշտադիտարկումը վկայում է, որ նմանատիպ դեպքերը գործնականում ունեն տարածում:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք անձանց հոսպիտալացնելու, ոչ հոժարակամ բուժման ենթարկելու, զսպման միջոցներ կիրառելու ընթացակարգերը չպահպանելու, անձի մոտ առկա վնասվածքները չարձանագրելու, անձին մայրենի կամ այլ հասկանալի լեզվով հաղորդակցություն, արտաքին աշխարհի հետ կապ և պահման պատշաճ պայմաններ չապահովելու, դրանց վերաբերյալ տեղեկացվածության ցածր մակարդակի, ինչպես նաև նշվածի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից պատշաճ վերահսկողության բացակայության հետևանք են:
Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ խախտում է արձանագրվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների իրավասու անձանց գործողություններում միաժամանակ: Այդ կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարին առաջարկվել է.
1)կալանավորված անձի իրավունքների խախտման կապակցությամբ անհապաղ իրականացնել ուսումնասիրություն՝ քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների իրավասու անձանց պատասխանատվության հարցը լուծելու նպատակով,
2)բացառել ազատությունից զրկված անձին առանց գրավոր համաձայնության, ինչպես նաև համապատասխան հիմքերի բացակայության դեպքում ոչ հոժարակամ հոսպիտալացման պրակտիկան,
3)բացառել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ազատությունից զրկված անձանց նկատմամբ համապատասխան հիմքերի առկայության պարագայում օրենքով նախատեսված ոչ հոժարակամ բուժմանն առնչվող ընթացակարգերի խախտումները,
4)«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների իրավասու բժշկական անձնակազմերին իրազեկել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ազատությունից զրկված անձանց նկատմամբ զսպման միջոցների կիրառման հիմքերի, ընթացակարգերի, տևողության, հիմնավորման կարևորության մասին,
5)պարբերաբար իրականացնել քրեակատարողական հիմնարկների վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների իրավասու անձանց համար հոժարակամ և ոչ հոժարակամ բուժման իրականացման իրավական հիմքերի և ընթացակարգերի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ և պարբերաբար վերապատրաստման դասընթացներ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների վերոշարադրյալ խախտումների դեպքերը բացառելու նպատակով,
6)քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի կողմից ազատությունից զրկված անձանց մեկուսի պահելու վերաբերյալ որոշումներ կայացնել բացառապես դրանց բավարար և անհրաժեշտ հիմքերի առկայության պարագայում,
7)քրեակատարողական հիմնարկներում միջադեպերից և ինքնասպանության փորձերից հետո ազատությունից զրկված անձանց նկատմամբ իրականացնել պատշաճ բժշկական հսկողություն, այդ թվում՝ բժշկական զննություն, պատշաճ արձանագրել ազատությունից զրկված անձանց ստացած վնասվածքները, ցուցաբերել անհրաժեշտ ծավալով բժշկական օգնություն,
8)քայլեր ձեռնարկել ազատությունից զրկված անձանց իրավունքների իրացումը, հատկապես՝ բժշկական օգնությունն ու սպասարկումը, իրենց հասկանալի լեզվով համապատասխան թարգմանչի ներգրավվածությամբ կազմակերպելու ուղղությամբ,
9)խիստ հսկողություն սահմանել ազատությունից զրկված անձանց «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում անկողնային պարագաներով և սպասքով ապահովելու նկատմամբ: Որոշումն ուղարկվել է նաև ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայություն՝ ի գիտություն: