Ես Էլեն Տիգրանի Գևորգյանն եմ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքից։
2020 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ոչ միայն խաթարվեց իմ և իմ հասակակիցների կրթություն ստանալու իրավունքն, այլև Արցախի Հանրապետության բնակչության՝ «Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների մասին» 1950 թվականի նոյեմբերի 4-ին ընդունված կոնվենցիայով և 1973 թվականի ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված շատ այլ իրավունքներ և ազատություններ։ Արցախի մի շարք տարածքներ մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչի պատճառով մեր բնակավայր և հարազատ կրթօջախ վերադարձը դարձել է անհնար։ Պատերազմից երկու տարի անց էլ շատ իմ հասակակիցներ դեռևս չեն հաղթահարել հետպատերազմական դժվարությունները, իսկ շատերը խնդիրներ ունեն հանրակրթական միջավայրին ինտեգրվելու և սեփական իրավունքները և ազատությունները իրացնելիս։ Խնդիրները տարաբնույթ են՝ սոցիալ-տնտեսականից մինչև հոգեբանական։ Արցախի Հանրապետությունում մինչև 2020 թվականի սեպտեմբերը առկա շուրջ 240 հանրակրթական դպրոցներից շատերում այդպես էլ դասերը չվերսկսվեցին, իսկ շուրջ 21 հազար իմ հասակակիցների մի մասը ստիպված եղան իրենց կրթություն ստանալու իրավունքը իրացնել հայրենի օջախներից շատ հեռու՝ Հայաստանի և աշխարհասփյուռ հայկական համայնքների շատ այլ կրթական ու հանրակրթական հաստատություններում։ Տեղափոխված երեխաների գրեթե կեսը ստիպված է եղել ՀՀ-ում գտնվելու ընթացքում, կացարանը փոխելու պատճառով, առնվազն մեկ անգամ դպրոց փոխել։ Կացության վայրի հաճախակի փոփոխությունը երեխաների մոտ հանգեցրել է անորոշության զարգացման և խոչընդոտել կրթական համակարգում արդյունավետ ներառմանը։ Տեղափոխված երեխաները դժվարություն են ունեցել դպրոցական միջավայրում ներառվելու հարցում՝ պայմանավորված ուսուցիչների, տեղաբնակ երեխաների և նրանց ծնեղների վերաբերմունքով։ Հյուրընկալող համայնքը և դպրոցը երեխաների հարմարմանն ուղղված արդյունավետ և համակարգված աշխատանքներ չեն տարել ո՛չ տեղաբնակ ուսուցիչների, երեխաների ու ծնողների, ո՛չ էլ տեղահանված երեխաների ու ծնողների հետ։
Իմ և Արցախի Հանրապետության իմ հասակակից ընկերների հետ տեղի ունեցածը ցույց է տալիս, որ պետության՝ որպես միջազգային իրավակարգի սուբյեկտի կողմից միջազգային իրավակարգում երաշխավորված իրավունքների և ազատությունների ապահովման անհնարինության կամ խաթարման պարագայում առկա կարգավորիչ մեխանիզմները ամբողջական չեն և, առնվազն, ամբողջովին չեն ապահովում ռազմական ագրեսիայի գոտում հայտնված խաղաղ բնակչության կենսական մի շարք իրավունքներ և ազատություններ։
Շատ կարևոր է այսօրինակ հարթակների ձևավորումը, ինչը հնարավորություն կտա տեղափոխված երեխաներին, ինչպես նաև իմ հասակակիցներին, սեփական շուրթերով ներկայացնել, լսել ու հաղորդ լինել միջազգային իրավակարգի բացերին՝ հնարավորություն տալով ու նաև ստեղծելով այդ բացերի վերացման, պատերազմների կանխարգելման, ամրագրված իրավունքների և ազատությունների կյանքի կոչման նոր մեխանիզմների մշակման ու շատ այլնի մասին ինչը հետագայում հնարավորություն կտա համամարդկային արժեքների շուրջ համախմբվելով՝ սերունդներին ապահովել ապահով անվտանգային համակեցության նոր կանոններ։
Շնորհակալություն: