Մեզ միշտ ասել են, որ երեխաները լավագույնին են
արժանի: Դրա մասին է վկայում տասնամյակներ առաջ ընդունված Երեխայի իրավունքների մասին
կոնվենցիան, փաստաթուղթ, որը պետք է պաշտպանի բոլոր երեխաների իրավունքները` անկախ
նրանից, թե որտեղից ես դու: 2020թ. սեպտեմբերի պատերազմը ցույց տվեց, որ իրականությունը
մի քիչ այլ է, աշխարհը վարդագույն չէ, և մենք բոլորս մեծացանք, ժամանակից շուտ շատ
բան հասկացանք:
Այսօր` երեխաների իրավունքների պաշտպանության
միջազգային օրը, ես ուզում եմ արտահայտել իմ ցանկության` արցախցի երեխաների ցանկության
մասին` լինել լսված աշխարհի կողմից, երեխայի իրավունքնով պահանջել աշխարհին, որպեսզի
խուլ ու կույր չձևանա: Թող աշխարհն իմանա, որ ես ունեմ կրթության իրավունք և ես շատ
եմ սիրում սովորել, սակայն այն այսօր ինձ մոտ դժվարությամբ է ստացվում, որովհետև այսօր
ես ստիպված եմ ուսումս շարունակել ինձ համար անծանոթ մարդկանց հետ, օտար միջավայրում.
ես կորցրել եմ հարազատ կրթօջախս, որտեղ սովորում էի գերազանց:
Յուրաքանչյուր երեխա ունի անձնական կյանքի պաշտպանության
իրավունք. իմ հասակակից շատ հայրենակիցների կյանքն ամեն
օր վտանգված է, նրանց դպրոցը գտնվում է ուղիղ նշանառության տակ, և նրանք դեռ մինչ օրս
կրակոցներ են լսում իրենց բնակավայրերում:
Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ապրել առողջ միջավայրում. թվում է, թե դրա մասին
էլի անհրաժեշտություն չկա բարձրաձայնել, սակայն 2020թ. պատերազմը նորից հակառակն ապացուցեց:
Ես և արցախցի երեխաներն էլ իրավունքն ունենք լինել
պաշտպանված:
Ես Անգելինան եմ, Արցախի Հադրութի շրջանից, ունեմ հոգատար
ու ինձ շատ սիրող ընտանիք, ապրում եմ աշխարհի ամենահրաշալի երկրում` Արցախում: Ուզում եմ շնորհավորել
մեր բոլորիս օրը և ցանկանալ մեզ
անհոգ մանկություն: Աշխա´րհ, լսի´ր մեզ` մենք սիրում ենք մեր հայրենիքը և իրավունք ունենք
ապրել մեր խաղաղ անվտանգ երկրում: