Ես կրում եմ ազգային ավանդական բոլոր արժեքները և ինձ համարում եմ դատավոր՝ այդ արժեքները չկրողների համար: Ես ինձ իրավունք եմ վերապահում դատել դիմացինիս՝ իր սեռի, գենդերային կամ ազգային պատկանելության, սեռական, քաղաքական կամ կրոնական կողմնորոշման համար. ես համարում եմ, որ միայն ես եմ ճիշտը:
Այս տողերը զարմանք են առաջացնում ժամանակակից աշխարհում, այս տողերի գաղափարները կրողները իրենց վարքով խոչընդոտում են մարդկային բնականոն կյանքի առաջընթացը, ցավն այն է, որ այս մտածելակերպը կրող մարդիկ մեր հասարակության մեջ շատ են, սարսափելի է, որ նման մարդկանց շարքերում նաև ուսուցիչներ են, հանրային, քաղաքական կամ մշակութային գործիչներ: Հիմնականում այս մարդիկ են հանդիսանում հասարակության մեջ լավ կամ վատ սովորույթներ սերմանողները և նրանց այս վարքի պատճառով է, որ մարդիկ անհանդուրժողական են:
Այս ամենը սկսվեց դպրոցից, երբ բոլորը միանման էին, իսկ տարբերվողները՝ վտարված: Այս ամենի սկիզբը այն էր, երբ մենք առաջին դասարանցուն ստիպողաբար աղոթել տվեցինք, թույլ չտալով նրան ապագայում կողմնորոշվել իր հավատքի ու զգացմունքների մեջ։ Այս ամենի սկիզբը այն ժամանակն էր, երբ երկրորդ դասարանցուն տվեցինք զրահաբաճկոն ու խաղալիք զենք՝ սովորեցնելով ոտանավոր, որում խոսվում էր հարևանին ոչնչացնելու մասին: Պատանուն մենք ասացինք, որ առաջին ազգն ենք ու ամենալավ ազգն ենք, որից հետո այդ անհատը մեծացավ այն մտքով, որ իրենից հետո ազգ չկա ու իրենից հետո երկիր գոյություն չունի:
Արդյոք այս մոլորակի վրա բոլորի համար տեղ չկա, միթե մենք՝ երեխաներս պարտավոր ենք ընդունել այն ռումբերը մեզ վրա, որոնք ուղարկվում են հանուն ոչինչի: Եվ միթե մենք ենք այն ատելության տարածման գլխավոր թիրախը, որպեսզի զենքով կանգնենք մեր նմանների առաջ: Ճակատագրի բերումով մենք ծնվել ենք տարբեր դրոշների տակ, բայց մենք դաստիարակվել ենք նույն համեստ ընտանիքներրում, մեր սիրելի մուլտհերոսները նույնն էին, իսկ մեր քնելուց առաջ մենք բոլորս օրորոցային էինք լսում, բայց արի ու տես՝ մենք թշնամիներ ենք, և դա որոշել են կրթված պատերազմ տեսած ու կյանքի հսկայական փորձ ունեցող մեծահասակները:
Քաղաքական դաշտը լցված է ատելությամբ, նոր հասունացող քաղաքացին դեռ իր չձևավորված քաղաքական մտածելակերպի տարիքում միայն ատելություն է տեսնում, որից հետո դադարում է շփվել այլ կերպ մտածողների հետ ու նույն՝ ատելությամբ լի վարքն է դրսևորում: Տեսնելով անբովանդակ վիրավորանքներով լցված քաղաքական դաշտը՝ մարդու ներքին ձևավորվող գաղափարները ատելությամբ են հասունանում, իսկ դպրոցներում՝ ապաքաղաքական ու անկուսակցական գաղափարների քողի տակ սեփական շահերն են առաջ քաշվում:
Ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտում ձևավորված անհատը չի կարողանա ապագայում սիրո և համերաշխության մթնոլորտում ապրել: Նա չի տեսնի հասարակության այն երջանիկ համակարգը, որի մասին այդքան խոսվում է: Նա չի ապրի՝ իրեն օգնության հասնող ու կարեկցանքով լցված մարդկանց շրջանակում: Նա մանկուց տեսել է միայն ռազմական ֆիլմեր, իսկ հեռուստասերիալներում նրան մատուցվել է քրեական ենթամշակույթ կրող մարդու հեղինակավոր կերպարը:
Այս մթնոլորտը փոխել կարող ենք միայն մենք, եթե ցանկանանք: Մեր ազգի համար հեղինակավոր մարդու կերպարներն ուսուցիչն ու գիտնականը պետք է լինեն, այլ ոչ՝ նույն շենքում ապրող 4 դատվածություն ունեցող քրեական հեղինականություն: Մեր ազգը պետք է որակյալ մշակույթ ստանա, որում պետք է լինի միայն սերն ու համերաշխությունը, այլ՝ ոչ արյունն ու ատելությունը:
Շնորհակալ եմ ինձ լսելու համար, ես հուսով եմ, տարիներ անց մեր երեխաներն այս թեմայով էլ ելույթ չեն ունենա, և հուսով եմ, որ բուլլինգ բառը շուտով կվերանա մեր բառապաշարից: