Ողջույն բոլորին: Նախ, ցանկանում եմ շնորհավորել բոլորիս օրը: Այո բոլորիս, քանի որ այսօր մինչ իմ այստեղ հասնելն ու չնայած իմ 20 տարեկան լինելը, ինձ արդեն շնորհավորել են Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ:
Ներկայանամ՝ ես Նարոն եմ, ծնվել եմ Իրաքում, և արդեն երկար տարիներ է ինչ ապրում եմ Հայաստանում: Իմ կյանքը ես բաժանում եմ 2 փուլի՝ մինչ կամավորությամբ զբաղվելը և կամավորությամբ զբաղվելուց հետո:
Մինչ կամավորությամբ զբաղվելը ես կարծում էի թե ես սովորական, ոչ մի յուրահատուկ տաղանդ ունեցող և ոչինչ անել չկարողացող աղջնակ էի: Մի օր, երբ մայրիկս զանգ ստացավ, և իրենից թույլտվություն էին ստանում՝ իմ մի ծրագրի մասնակցության վերաբերյալ, մայրս ընդունեց և գնացի… ծրագրին մասնակցելուց հետո ես հասկացա, որ աշխարհում շա՜տ անելիքներ ունեմ:
Փոքրիկ Նարոն երբեք չէր կարողանա պատկերացնել, որ այսօր կարող է այստեղ կանգնած լինել և ելույթ ունենալ, կամ մտքովս երբևէ չէր անցնի, որ ես կկարողանամ ՅՈՒՆԻՍԵՖ-ում անցնել պրակտիկա: Դա ինձ համար ամենակարևոր ձեռքբերումներից էր: Անգամ հույս չունեի, որ կանցնեմ, բայց երբ ստացա մեյլս, խնդրեցի որ ընկերներս կարդան ինձ համար, քանի որ իրոք չէի պատկերացնում, որ կանցնեմ:
Իմ կարգախոսն է՝ “Be the change you want to see in the world”, եղիր փոփոխությունը, որը դու ես ուզում տեսնել, և իրոք, ես սկսեցի այդպես ապրել: Սովորել, զարգանալ, առաջ գնալ:
Կամավորությունն ինձ հնարավորություն տվեց ինքնակրթվելու, զարգանալու, ու կյանքում փոքր փոքր քայլել անելով առաջ գնալու: Իսկ այդ առաջ գնալու ճանապարհին օգնելու, որ մյուսներն էլ անեն իրենց քայլերը:
Շատ կարևոր բաներ է տալիս կամավորությունը: Ես կամավորությամբ զբաղվել եմ տարբեր ոլորտներում, որն էլ ինձ բերեց իմ ներկայիս մասնագիտության ընտրությանը՝ Սոցիալական աշխատանքին: Անչափ շատ եմ սիրում և կարևորում մասնագիտոթյունս:
Ինքնակրթության մեծ հնարավորություն է: Պետք է համատեղել և դպրոցում ստացած գիտելիքը, և տարբեր գրքեր կարդալը և թե կյանքում ամեն փոքր բանից դասեր քաղելու և նոր բաներ սովորելու հնարավորությունը: Օրինակ ես այնքան շատ հարցեր եմ տալիս դասախոսներիս, քանի որ փորձում եմ ավելին սովորել մասնագիտության մասին: Դուք էլ նույնն արեք, ձեր ուսուցիչներից, ծանոթներից նաև անծանոթներից սովորեք նորը, տարբերը:
Մի՛ համեմատեք ձեզ ուրիշի հետ, այլ համեմատեք ձեզ այն անձի հետ ով երեկ էր: Ես ինքս ինձ համեմատում եմ երեկվա Նարոյի հետ, փորձելով այսօրվա և վաղվա Նարոյին դարձնել ավելի լավն ու այն մարդն, ում ուզում եմ տեսնել:
Շնորհակալ եմ ինձ լսելու համար: Կրկին շնորհավորում եմ բոլորիս օրը, փայփայեք ձեր մեջ եղած փոքրիկներին ու երբեք մի դադարեք լինել մանուկ: