Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 27-ին ընդունել է «Ճշմարտության և արդարադատության կենտրոն» (Center for Truth and Justice) հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։
Ողջունելով հյուրերին՝ Պաշտպան Գրիգորյանը ընդգծել է վերջինիս կողմից իրականացվող ինչպես փաստահավաք, այնպես էլ կրթական գործունեության առանձնակի նշանակությունը։
Մատնանշելով Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և Center for Truth and Justice հասարակական կազմակերպության նպատակների ընդհանրությունները՝ տիկին Գրիգորյանը պատրաստակամություն է հայտնել աշխատանքային հարաբերություններ ձևավորելու կոնկրետ ծրագրային առաջարկների շրջանակներում։
Կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ Գոռ Մնացականյանը ներկայացրել է կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները և պատրաստակամություն հայտնել մեկտեղելու ջանքերը՝ առկա մարտահրավերները հասցեագրելու ուղղությամբ։
Կողմերը նախանշել են համագործակցության հնարավոր ուղիները, պայմանավորվածություններ են ձեռք բերել համատեղ կրթական ծրագրերի իրականացման, այդ թվում՝ Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունների ներգրավմամբ։