Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր հյուրընկալել է Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցի 10 և
11-րդ դասարանի աշակերտներին և նրանց հետ զրուցել երեխաների իրավունքների
պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։
Ողջունելով ու ծանոթանալով աշակերտների հետ՝
Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
լիազորությունները երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում՝ «Երեխայի
իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով սահմանված երեխայի իրավունքները և դրանց
պաշտպանության կառուցակարգերը։
Պաշտպանը, որպես երեխաների իրավունքների պաշտպանության
լավագույն գործիքակազմ, կարևորել է Պաշտպանին դիմելու հասանելիությունն ու
մատչելիությունը՝ նշելով հնարավոր բոլոր եղանակները, ինչը հնարավորություն է տալիս
երեխաներին ուղիղ կապի միջոցով բարձրաձայնել խնդիրների մասին նպաստելով առավել
արդյունավետ արձագանքմանը:
Աշակերտները հնարավորություն են ունեցել
բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը և պատասխաններ լսել Պաշտպանից ու ՄԻՊ
աշխատակազմից։
Քննարկվել են ռասայական խտրականության
դրսևորումների անթույլատրելիությունը, կրթություն ստանալու իրավունքի, խոսքի
ազատության, մտքի և կրոնի ազատության, անձնական կյանքի պաշտպանության, անձնական
տվյալների պաշտպանության, կանանց իրավունքների գենդերային հավասարության և սեռով
պայմանավորված մասնագիտական կողմնորոշումների կարծրատիպերին վերաբերող հարցեր։
Հնչել են նաև դպրոցահասակների շրջանում բուլինգի
դրսևորումների և սոցիալական ցանցերում անձնական տվյալների տարածման ու
վերահսկելիության խնդիրներին առնչվող հարցեր, որի շրջանակում էլ ներկայացվել են
տեղեկատվական հարթակներում «Մոռացված լինելու» իրավունքի իրացման եղանակները և «Մի
վնասիր» սկզբունքի կարևորությունը և դրա կիրառման տեխնիկական որոշակի
խոչընդոտները։