Պաշտպանի
աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այսօր Երևան քաղաքում այցելել են թվով 6
ոստիկանության բաժիններ՝ խորհրդատվություն և իրավունքների իրացման աջակցություն
ցուցաբերելով ավելի քան 69 անձանց։ Այց է իրականացվել նաև Գեղարքունիքի մարզի
Մարտունի քաղաքի ոստիկանական բաժին, որտեղ աջակցություն է ցուցաբերվել թվով 3
անձանց և Սևան քաղաքի բաժին, որտեղ աջակցություն է ցուցաբերվել թվով 3 անձանց։
Այցերի
արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես.
1.
Արձանագրվել են ինչպես առանց անձանց համաձայնության էլեկտրոնային սարքերով
լուսանկարելու դեպքեր, այնպես էլ քաղաքացիական հագուստով ոստիկանության
ծառայողների կողմից անձանց ոստիկանության բաժին մտցնելիս բջջային հեռախոսով
լուսանկարելու դեպք, ընդ որում, առանց որևէ տարանջատման, այդ թվում՝
անչափահասներին։ Քաղաքացիներից մեկը հայտնել է, որ իր ճշտող հարցին, թե չի կարող
արդյո՞ք հրաժարվել լուսանկարվելուց, ոստիկանության ծառայողը հայտնել է, որ՝ ոչ։
Պաշտպանը ոստիկանների կողմից անձնական օգտագործման սարքերով լուսանկարելու
անթույլատրելիությանն անդրադարձել է նաև 2021թ. տարեկան հաղորդմամբ և հիմա ևս
վերահաստատում է, որ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տեսաձայնագրումը,
տեսանկարահանումը և լուսանկարահանումն իրականացվում են միայն ծառայողական (ոչ
անձնական) տեխնիկական միջոցներով և միայն հանրային վայրերում։ Ոստիկանության
բաժիններում բերման ենթարկված քաղաքացիներին անձնական օգտագործման բջջային
հեռախոսներով լուսանկարահանումն անթույլատրելի է։
2. Այսօր
կրկին արձանագրվել են ոստիկանի պահանջը կատարելուց հետո բերման ենթարկելու դեպքեր,
մասնավորապես՝ Երևան քաղաքի Վաղարշյան-Քոչար փողոցների հատվածից բերման են
ենթարկվել անձինք, որոնք արգելանքի վերցվելու պահին արդեն իսկ ազատած են եղել
փողոցի երթևեկելի հատվածը, ինչը և հանդիսացել էր ոստիկանի օրինական պահանջը։
Պաշտպանը կրկին արձանագրում է, որ նման դեպքում օրինական պահանջը չկատարելու
հիմքով վարչական ձերբակալումն ի սկզբանե ապօրինի է։
3. Ցավալի է
արձանագրել, որ չնայած նախորդ օրերին արված բազմաթիվ հայտարարությունների, Երևան
քաղաքի Աբովյան-Կորյուն փողոցների հատվածում, ըստ ԶԼՄ-ների տարածած տեսանյութերի,
Ոստիկանության ծառայողների կողմից բերման է ենթարկվում ակնհայտորեն անչափահաս անձը
միանգամից մի քանի ծառայողի կողմից, ընդ որում, անհամաչափ ուժի կիրառմամբ։
4. Այսօրվա
մշտադիտարկումների արդյունքում առավել կոպիտ ուժի կիրառման դեպքեր արձանագրվել են
Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից դեպի Հրազդան մարզադաշտ ընկած հատվածից և Երևան
քաղաքի Մյասնիկյան փողոցից բերման ենթարկելու ժամանակ։ Նախ, մշտադիտարկումների և
բերման ենթարկված անձանց պնդումները վկայում են, որ ոստիկանների կողմից նախապես
որևէ պահանջ չի հնչեցվում, մինչդեռ՝ վերջիններիս բերման ենթարկելու հիմքը եղել է
կրկին ոստիկանի օրինական պահանջը չկատարելը։ Ավելին, արձանագրվել են այդ վայրից
բերման ենթարկելիս ոստիկանների կողմից քաղաքացիներին քարշ տալով մեքենան
նստեցնելու, առանց անհրաժեշտության ձեռքերը ոլորելու և անհամաչափ ուժի կիրառման
այլ դեպքեր։ Ընդ որում, այդ վայրից բերման ենթարկված քաղաքացիների հետ ունեցած
առանձնազրույցների ժամանակ արձանագրվել է, որ վերջիններիս վրա առկա են տարբեր
տեսակի մարմնական վնասվածքներ, որոնք, ըստ վերջիններիս պնդման, պատճառվել են
ոստիկանների կողմից ուժի կիրառման արդյունքում։ Ոստիկանության կենտրոնի բաժնում բժշկական
օգնություն տրամադրելու նպատակով կանչվել է շտապ օգնության ծառայություն։ Պաշտպանը
տեղեկացնում է, որ արձանագրված վնասվածքների, ստացված տեղեկությունների և կատարված
լուսանկարների վերաբերյալ համապատասխան գրություններ է ուղարկելու իրավապահ
մարմիններին՝ տվյալ դեպքը մանրամասն քննության առարկա դարձնելու պահանջով և
հետևողական է լինելու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։
5.
Արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ փաստացի արգելանքի վերցնելուց հետո մոտ 1,5
ժամ քաղաքացիների հետ որևէ գործողություն չի կատարվել։ Մեկ այլ դեպքում՝ քաղաքացու
կողմից ներկայանալուց, վարույթային գործողություններն ավարտելուց հետո են
ոստիկանության ծառայողներն անձին ներկայացրել իր իրավունքները, այդ թվում՝ լռելու
իրավունքը։ Պաշտպանն արձանագրում է, որ անձին իր իրավունքների մասին տեղեկացնելը
ինքնանպատակ չէ, և դա պետք է կատարվի նախապես, մինչև վարույթային մյուս
գործողությունները կատարելը, որպիսի երաշխավորվի այդ իրավունքների՝ այդ թվում
լռելու իրավունքի գործնականում իրացումը։ Հատկապես դատապարտելի է նման վարքագծի
դրսևորումն անչափահաս անձանց նկատմամբ։
6. Պաշտպանի
արագ արձագանքման խմբերի այցերի արդյունքում բերման ենթարկված քաղաքացիների կողմից
բարձրացվել են նաև բերման ենթարկելու ընթացքում կանխիկ դրամական միջոցների,
հեռախոսի կորստի կամ ենթադրյալ հափշտակության վերաբերյալ պնդումներ, որոնք
ստուգելու և արձանագրված դեպքերին պատշաճ ընթացք տալու պահանջով Պաշտպանը դիմելու
է իրավասու պետական մարմիններին։
7. Պաշտպանի
աշխատակազմի կողմից ԶԼՄ-ների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում
արձանագրվել են նաև ոստիկանական տրանսպորտային միջոցում արգելանքի վերցված քաղաքացիների
և ոստիկանների մասնակցությամբ միջադեպեր, երբ երկուստեք հնչում են հայհոյախառն
արտահայտություններ, ինչպես նաև առկա է հրմշտոց։ Այս առումով, Պաշտպանը կրկին
հիշեցնում է, որ ոստիկանության ծառայողները սահմանափակված են իրենց ծառայողական
կարգավիճակով, վերջիններս հատկապես պետք է զերծ մնան իրենց տրամադրության տակ
գտնվող անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի ցանկացած տեսակի դրսևորումներից։
Միաժամանակ, Պաշտպանը դատապարտելի է համարում բերման ենթարկվող անձանց կողմից
ոստիկանության ծառայողներին վիրավորելու, հայհոյելու և արժանապատվությունը
նվաստացնող այլ արտահայտություններ անելու բոլոր դեպքերը։ Արձանագրվել են նաև
հավաքի մասնակիցների կողմից ոստիկանության տրանսպորտային միջոցների վնասման
դեպքեր։
8. ԶԼՄ
և սոցիալական ցանցերի մշտադիտարկումն արձանագրել է ինչպես ոստիկանության
ծառայողների, այնպես էլ քաղաքացիների նկատմամբ ատելության խոսքի ծայրահեղ
դրսևորումներ։ Ընդ որում, հատկապես դատապարտելի է անձի ունեցած կարծիքի կամ
արտահայտած տարբերվող դիրքորոշմամբ պայմանավորված՝ վերջինիս նկատմամբ ատելության
խոսքի հրապարակային արտահայտումը, որին անմիջապես հաջորդել էր բռնության
գործադրում, երբ հավաքի մասնակիցների կողմից շշեր և այլ իրեր են նետվել դեպի
ատելության խոսքի արժանացած անձը։ Նախընթաց օրերին համանման դեպքերի
ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կանխարգելիչ նշանակություն կարող է ունենալ
այն, որ հավաքի կազմակերպիչների և հանրային դերակատարների կողմից հրապարակավ
դատապարտվեն այլ կարծիք ունեցող անձանց նկատմամբ իրականացված նման բոլոր
գործողությունները։