Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մամուլի
ազատության օրվա առթիվ ՄԻՊ աշխատակազմում ընդունել է շուրջ մեկ տասնյակ
լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ պատասխանելով նրանց հուզող հարցերին։
Ասուլիսի բացման իր խոսքում Պաշտպանը շնորհավորել է ԶԼՄ
ներկայացուցիչներին մասնագիտական տոնի առթիվ և ընդգծել նրանց դերի կարևորությունը
ժողովրդավարական հասարակության կերտման գործընթացում։ Քրիստիննե Գրիգորյանը նշել
է, որ արագ փոփոխվող հասարակական հարաբերություններում և տեղեկատվական
իրականությունում մասնագիտական պարտքը պատշաճ իրականացնելու համար շատ
մարտահրավերներ կան լրագրողների աշխատանքի համար և ընդգծել, որ աշխատանքային
կարողությունների շարունակական կատարելագործման հարցում ՄԻՊ աշխատակազմը
շարունակելու է ձևավորված սերտ համագործակցությունը ԶԼՄ գործընկերների հետ՝ նեղ
մասնագիտական կամ զգայուն թեմաների լուսաբանման հարցերում մասնագիտական
խորհրդատվության տրամադրման նպատակով։
Քրիստիննե Գրիգորյանն ընդգծել է նաև, որ մարդու
իրավունքների պաշտպանության կարևորագույն բաղադրատարրի՝ խոսքի և տեղեկատվության
ազատության իրավունքի իրացման շուրջ ՄԻՊ աշխատակազմի և ԶԼՄ ներկայացուցիչների
առաքելությունը ընդհանրություններ ունի, և այդ համատեքստում կարևորել է հանրության
կրթման ու իրավագիտակցության բարձրացման համար ջանքերի մեկտեղումը։
Հաջորդիվ, Պաշտպանը ԶԼՄ գործընկերներին ներկայացրել է ՄԻՊ
աշխատակազմում ստացված նախորդ տարվա դիմում-բողոքների ուսումնասիրությունների
արդյունքում վերհանված տեղեկատվության ազատությանը վերաբերող վիճակագրական
տվյալները և պատասխանել ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։
Մասնավորապես՝ ասուլիսի ընթացքում Պաշտպանը հանգամանորեն
անդրադարձել է հավաքների ու անհնազանդության
ակցիաների ընթացքում ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկումների
արդյունքում արձանագրված անհամաչափ ուժի կիրառման, բերման ենթարկման
ընթացակարգային խախտումների, լրագրողների հանդեպ պետական բարձրաստիճան
ներկայացուցիչների կողմից բռնության դեպքերին։ Միաժամանակ Պաշտպանն ընդգծել է նաև
լրատվամիջոցի կողմից ատելության ու անհանդուրժողականության հրահրման ու տարածման անթույլատրելիությունը՝ որպես պատասխանատու և պրոֆեսիոնալ լրագրության սկզբունք։
Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է նաև հանրային մեծ
հնչեղության և ցասման արժանացած վրաերթի հետևանքով մահացած հղի կնոջ դեպքի
քրեաիրավական, բարոյահոգեբանական կողմերին և ոստիկանական ուղեկցող ծառայության
մասնագիտական ասպեկտներին։
Ի
թիվս մի շարք այլ հարցերի, Պաշտպանը պատասխանել է նաև հանրային քննարկման առիթ
հանդիսացած անհնազանդության բողոքի ակցիաներին երեխաների գիտակցված մասնակցության
իրավունքի իրացման, երեխայի լավագույն շահի առաջնահերթության և ակցիաներով
պայմանավորված՝ բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանության խնդիրներին, դատական
գործերի ավտոմատ էլեկտրոնային մակագրության համակարգի կասեցված լինելու հանգամանքի
ռիսկերին և ոստիկանության զորքերի բարեփոխման գործընթացի շարունակականության
ապահովման անհրաժեշտությանը։