Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ապրիլի 18-ին
ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան
գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստին և Իրավաբանական բաժնի ղեկավար Անդրեյ
Արյուպինին։
Քրիստիննե Գրիգորյանը, ողջունելով գործընկերներին, բարձր է
գնահատել Պաշտպանի գրասենյակի և ՄԱՓԳՀ/UNHCR առաքելության միջև համագործակցության
մակարդակը և իր հաստատակամությունը հայտնել խորացնելու փոխգործակցությունը մի քանի
թիրախային ուղղություններով։
Աննա-Կարին Օստինն իր հերթին, ներկայացնելով ՄԱՓԳՀ/UNHCR
առաքելության նպատակը Հայաստանում, ընդգծել է, որ Պաշտպանի գրասենյակի հետ
համագործակցությունը հիմնված է արժեքների ու նման առաքելության վրա, քանի որ
երկուստեք միևնույն նպատակադրումն է՝ փախստականների, տեղահանվածների, ապաստան
հայցողների և քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանվածության ապահովման հարցում։
Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Արցախից
տեղահանված անձանց խնդիրների համախումբը, որն այս ընթացքում Պաշտպանի հաստատության
կողմից հաշվառվել է, այդ թվում՝ Պաշտպանի մարզային այցելությունների ու
ընտանիքների հետ առանձնազրույցների միջոցով։
Անդրադառնալով փախստականների, տեղահանվածների, ապաստան
հայցող և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների պաշտպանության օրենսդրական
բարեփոխումներին՝ Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է Ազգային ժողովին ու գործադիր
իշխանությանը կարծիքներ և առաջարկներ ներկայացնելու Պաշտպանի Սահմանադրական
մանդատը, և այդ համատեքստում իր պատրաստակամությունը հատնել կապող օղակ հանդիսանալ
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և
Ազգային Ժողովի միջև՝ արձանագրված խնդիրների օրենսդրական մակարդակում ինստիտուցիոնալ
լուծումներ գտնելու նպատակով։ Աննա-Կարին Օստինն իր հերթին բարձր է գնահատել
օրենսդրական մակարդակում ներազդելու և բազմաթիվ խնդիրներ կանխարգելելու Պաշտպանի
նպատակադրած գործելաոճը։
Հաջորդիվ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել
ակտիվացնելու ՄԻՊ Սյունիքի մարզային և ՄԱՓԳՀ/UNHCR առաքելության Գորիսի
մասնաճյուղի միջև համագործակցությունը՝ գործնական մակարդակում տեղահանված, ապաստան
հայցող անձանց խնդիրներին մոտ լինելու և համարժեք օպերատիվ լուծումներ գտնելու
նպատակով։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև համատեղ փաստահավաք
առաքելությունների և իրազեկման գործողությունների իրականացման կարևորությունը և այս
ու նախանշած այլ ուղղություններով համագործակցությունը խորացնելու
պայմանավորվածություն է ձեռք բերվել։