Ապրիլի 5-ին Մարդու
իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Միջազգային իրավական
համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հայաստանյան ծրագրերի համակարգող
Նելլի Թումասյանին։ Հանդիպմանը տեսակապով միացել է IRZ-ի Հարավային Կովկասի և
Հարավարևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդը, ում հետ քննարկվել են
համագործակցային մի շարք հարցեր:
Պաշտպան Գրիգորյանը,
ողջունելով միջազգային գործընկերներին, նշել է, որ IRZ-ի հետ ՄԻՊ հաստատության
արդյունավետ համագործակցության փորձը ամուր հիմք է հանդիսանում
համագործակցությունը զարգացնելու համար:
Ֆրանկ Հուփֆելդն իր
հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և շնորհավորել
է Քրիստիննե Գրիգորյանին մարդու իրավունքների պաշտպանի պատասխանատու
առաքելությունը ստանձնելու առթիվ՝ ընդգծելով Քրիստիննե Գրիգորյանի հետ արդյունավետ
համագործակցության նախկին փորձը, վստահություն հայտնել խորացնելու
համագործակցությունը Պաշտպանի առաքելության շրջանակում:
Օրակարգային հարցերի
քննարկման շրջանակում կողմերն անդրադարձել են նախկինում կազմակերպված կարողությունների
զարգացման միջոցառման արդյունքների ամփոփմանը և ծրագրային համագործակցության նոր
ուղղությունների նախանշմանն առնչվող մի շարք հարցերի:
Մասնավորապես՝ Պաշտպան
Գրիգորյանը համագործակցային նոր ուղղությունների շրջանակում ներկայացրել է որպես
կանխարգելման ազգային մեխանիզմ ՄԻՊ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման
մշտադիտարկման կարողությունների զարգացման անհրաժեշտությունը, ընդգծել է շտապ
օգնության բժիշկների և քրեական ոստիկանության ու Պաշտպանի հաստատության
աշխատակիցների համատեղ վերապատրաստումների կարևորությունը՝ միտված խոշտանգումների
ու վատ վերաբերմունքի դեպքերի պատշաճ արձանագրման կարողությունների զարգացմանը,
ինչպես նաև կարևորել է նոր ընդունված քրեական դատավարության օրենսգրքի
կարգավորումների լույսի ներքո անձանց բերման ենթարկելու ինստիտուտի իրավակիրառ
պրակտիկայի մշտադիտարկման անհրաժեշտությունը:
Ֆրանկ Հուփֆելդը, բարձր գնահատելով համատեղ իրականացված նախկին ծրագրերի ամփոփման արդյունքները, պատրաստակամություն է հայտնել ՄԻՊ աշխատակազմի հետ նախանշված նոր ուղղություններով ծրագրային համագործակցության հարցում: