2022 թվականի ապրիլի 4-ին Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է «Իմ ուղին»
ցերեկային կենտրոն, որտեղ սոցիալ-վերականգնողական ծառայություններ են ստանում
աուտիզմ ունեցող երեխաներն ու երիտասարդները:
Այցի ընթացքում Պաշտպանը հանդիպել է կենտրոնի հիմնադիրների և աշխատակիցների,
ինչպես նաև շփվել ծառայություններից օգտվող երիտասարդների և երեխաների հետ:
Կենտրոնի անձնակազմը ներկայացրել է առաջարկվող ծառայությունների շրջանակը,
ծանոթացրել կենտրոնի նյութատեխնիկական պայմաններին:
Քննարկվել են այն հիմնական խնդիրները, որոնց բախվում են կենտրոնի
ծառայություններից օգտվող մարդիկ: Օրինակ՝ պայմանավորված կենտրոնի շահառուների
ընտանեկան սոցիալական վիճակով՝ խոչընդոտներ են առաջանում հատկապես մարզերում
բնակվող անձանց համար, ովքեր ֆինանսական խնդիրներով պայմանավորված ոչ միշտ են
կարողանում օգտվել վերականգնողական ծառայություններից:
Աուտիզմ ազգային հիմնադրամի «ԻՄ ՈՒՂԻՆ» կենտրոնի գործունեությունը ապահովվում է հիմնականում ԿԳՄՍ և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների կողմից մրցույթների շրջանակներում տրամադրվող դրամաշնորհների և բարերարների շնորհիվ:
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել կենտրոնի շահառուների
ծնողներին ու անձնվեր աշխատակազմին՝ մասնագիտական բարձրորակ ծառայությունները
կազմակերպելու և սեփական մասնագիտական զարգացման միջոցով աուտիզմ ունեցող յուրաքանչյուր
անձի անհատական կարիքների գնահատման հիման վրա զարգացման հնարավորություն
ապահովելու համար։
Պաշտպանը հաշվառել է կենտրոնի առաջնահերթ անհրաժեշտության խնդիրները՝ դրանց
հնարավոր լուծումներ գտնելու նպատակադրմամբ: