Մարտի 21-ին Արևների համաշխարհային օրվա շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այցելել է «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպություն:
Կենտրոնը ծառայություններ է մատուցում Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին, զբաղվում է նրանց առողջության և զարգացման հիմնախնդիրներով:
Այցի ընթացքում Պաշտպանը զրուցել է կենտրոնի հիմնադիր Տեր Գրիգոր քհն․ Գրիգորյանի հետ, լսել կենտրոնում առկա խնդիրների և նոր ծրագրերի մասին, ծանոթացել կենտրոնի գործունեությանն ու աշխատակազմին։
Կենտրոնի ներկայացուցիչների հետ Պաշտպանը քննարկել է Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց իրավունքների իրացման հետ կապված խնդիրները:
Քրիստիննե Գրիգորյանը զրուցել է նաև շահառուների, նրանց ծնողների հետ, պատասխանել ծնողներին հուզող հարցերին։ Ծնողներից շատերը բարձրաձայնել են կարիքահեն ծառայությունների մատչելիության և հասանելիության հետ կապված խնդիրներ, մատնանշել առավել շատ թիրախային աջակցության ծրագրերի անհրաժեշտությունը։
Անդրադարձ է կատարվել նաև հանրային տրանսպորտից օգտվելու, ինչպես նաև մշակութային կյանքին մասնակցելու մատչելիության հարցերին։
Մասնավորապես ծնողներից շատերն իրենց մտահոգությունն են հայտնել, որ երեխաների նախասիրություններից հանդիսացող մշակութային միջոցառումները ոչ բոլոր դեպքերում են հասանելի ֆինանսական միջոցների սղության պատճառով՝ նկատի ունենալով, որ իրենք ոչ միշտ են կարողանում վճարել նաև ուղեկցողի մուտքի տոմսի համար:
Կարևորելով Կենտրոնի գործունեությունը՝ Քրիստիննե Գրիգորյանը վերահաստատել է հանձնառությունը Պաշտպանի աշխատակազմի և Կենտրոնի ինստիտուցիոնալ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ։