2012 թվականից ՄԱԿ-ի նախաձեռնությամբ մարտի 21-ը նշվում է որպես Դաունի համախտանիշի մարդկանց` «արևների» օր: Ամսաթվի ընտրությունը խորհրդանշում է համախտանիշն առաջացնող չտրոհվող 21-րդ քրոմոսոմը, որը որևէ կերպ պայմանավորված չէ ծնողների ազգությամբ, բնակության միջավայրով, նրանց վարքագծով կամ առողջական վիճակով։
Արևները հատկապես սիրում են ստեղծագործել արվեստի տարբեր ճյուղերում և իրենց իսկ օրինակով յուրաքանչյուրիս սովորեցնում աշխարհը բացահայտել յուրովի։
Այս օրը, ևս մեկ առիթ է յուրաքանչյուրիս համար վերանայելու մեր ընկալումները ներառական հասարակության ձևավորման, հավասար հնարավորությունների ստեղծման վերաբերյալ՝ մեր ջանքերը նախևառաջ ուղղելով հաշմանդամության նկատմամբ կարծրատիպային դրսևորումների կանխարգելմանն ու բացառմանը։ Սա յուրաքանչյուրիս գործն է։
Ցավոք, մեր երկրում պետության հոգածության ներքո գտնվող երեխաներից շատերը շուրջօրյա խնամքի և պաշտպանության հաստատություններում են հենց հաշմանդամության կամ առողջական խնդիրներ ունենալու հետևանքով։
Մինչդեռ, ընտանիքում ապրելու, համայնքում ներգրավվելու իրավունքը, հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության նկատմամբ հարգանքը բացարձակ արժեքներ են, և չպետք է պայմանավորված լինեն անձի հաշմանդամությամբ։
Պետությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի հաշմանդամության հիմքով խտրականության կանխարգելման, հաշմանդամության վաղ շրջանում հայտնաբերման նպատակով համայնքահեն ծառայությունների ներդրմանը։ Անհրաժեշտ են լրացուցիչ թիրախային ծրագրեր հաշմանդամություն, այդ թվում՝ Դաունի համախտանիշ ունեցող անձանց ինքնուրույնությունը խթանելու, նրանց զարգացման հնարավորությունները բացահայտելու և դրանք իրացնելու ուղղությամբ։
Հաշմանդամություն ունեցող մարդկանց արժանապատվության նկատմամբ հարգանքի միջոցով և կարծրատիպերը կոտրելով է հնարավոր ձևավորել հավասար հնարավորությունների միջավայր, որտեղ պետության և հասարակության առաջընթացը խթանվում է յուրաքանչյուր անձի կարողությունների ու ներուժի լիարժեք կիրառմամբ։