Մարտի 16-ին Մարդու իրավունքների պաշտպանը Պաշտպանի
աշխատակազմի, այդ թվում՝ կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն
իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչների հետ այցելել է ՀՀ արդարադատության
նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:
Այցի շրջանակներում ուսումնասիրվել են քրեակատարողական
հիմնարկում պահվող կին և անչափահաս ազատությունից զրկված անձանց պահման պայմանները,
վերջիններիս առողջության պահապանման և կրթության իրավունքների ապահովման վիճակը, արտաքին
աշխարհի հետ կապը, վերասոցիալականացմանն առնչվող հարցերը և այլն: Պաշտպանը
առանձնազրույցներ է ունեցել ազատությունից զրկված կանանց և անչափահասների հետ:
Արձանագրվել են հետևյալ հիմնական
խնդիրները.
· քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները խիստ
անբավարար են. այցի ընթացքում հիմնարկի միջանցքներում և որոշ խցերում բարձր է եղել
խոնավության մակարդակը, պատերի ծեփամածիկը եղել է թափված, առկա է եղել
վերանորոգման հրատապ անհրաժեշտություն,
· բացակայում են հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա
ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների համար նախատեսված խցերը կամ
կացարանները, ինչպես նաև վերջիններիս համար հարմարեցված սանհանգույցները և
լոգարանները,
· ծնողների հետ բնակվող մինչև երեք տարեկան երեխաների համար
նախատեսված չեն կահավորված զբոսաբակեր, խաղահրապարակներ,
· խցերն ապահովված չեն ծնողի հետ բնակվող մինչև երեք տարեկան
երեխաների համար նախատեսված մանկական կահույքով, որոշ դեպքերում նաև մանկական
մահճակալով,
· «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Աբովյան»
ստորաբաժանումում առկա չեն մանկահասակ երեխաների առաջին բժշկական օգնության համար
նախատեսված դեղամիջոցներ (օրինակ՝ ջերմիջեցնողներ),
· ատամնաբուժական կաբինետում առկա է եղել ժամկետանց դեղորայք,
· ազատությունից զրկված անձինք իրենց դժգոհությունն են
հայտնել քրեակատարողական հիմնարկում սննդով ապահովելու գործառույթով պատվիրակված
մասնավոր ընկերության կողմից պատրաստվող սննդի որակի և բազմազանության
կապակցությամբ.
· առկա են մանկահասակ երեխաներին օրենսդրությամբ սահմանված սննդի
համապատասխան չափաբաժիններով և տեսականիով ապահովման հետ կապված խնդիրներ,
· միայնակ պահվող ազատությունից զրկված անչափահասները զրկված
են բավարար մարդկային շփման հնարավորությունից,
· առկա են ազատությունից զրկված օտարերկրացի քաղաքացիների
հաղորդակցման և դրանով պայմանավորված՝ վերջիններիս իրավունքների ապահովման
խնդիրներ:
Հարկ է նշել, որ այցի արդյունքում
արձանագրվել են նաև դրական տեղաշարժեր, մասնավորապես՝ ողջունելի են ազատությունից
զրկված անձանց համար իրականացվող հանրակրթական ծրագրերը և դրանցում վերջիններիս
ներգրավվածությունը:
Վեր հանված խնդիրները քննարկվել են
քրեակատարողական հիմնարկի վարչակազմի, ինչպես նաև «Քրեակատարողական բժշկության
կենտրոն» ՊՈԱԿ-ի «Աբովյան» ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ: Արձանագրված
խնդիրները սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ
միասին կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին:
Այցի ընթացքում քրեակատարողական հիմնարկի
վարչակազմը և բժշկական անձնակազմն ակտիվ համագործակցել են Մարդու իրավունքների
պաշտպանի ներկայացուցիչների հետ իրենց լիազորություններն իրականացնելիս, և
աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել:
Արձանագրված խնդիրները կամփոփվեն և
լուծմանն ուղղված առաջարկներով կներկայացվեն իրավասու մարմնին: