Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել «Համայնքահեն ծառայությունների մատուցումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համատեքստում. Կարիքներ և հնարավորություններ» խորագրով Պաշտպանին առընթեր հաշմանդամություն
ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ընդլայնված նիստը: Հանդիպումը կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ և Միջազգային
հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ, որին
մասնակցում էին մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և
անհատ փորձագետներ:
Բացման
խոսքում, պաշտպան Գրիգորյանը ողջունելով և ծանոթանալով Խորհրդի անդամներին, նշել է, որ որպես Մարդու իրավունքների պաշտպան՝
հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը լինելու է իր
մշտական ուշադրության կենտրոնում և որ հասարակական խորհրդի հետ սերտ
համագորրծակցությունը միանշանակ օգտակար է լինելու թե խնդիրների ճիշտ
թիրախավորման, և թե առաջնահերթությունների որոշման առումով:
Միջազգային
հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս Դե Վիթն իր հերթին ողջունելով մասնակիցներին՝ ընդգծել է, որ
կարևորում են միջգերատեսչական հաղորդակցության զարգացումը և քաղաքացիակենտրոն ու
հաշվետու որոշումների կայացման ինստիտուցիոնալ զարգացումը Հայաստանում:
Ջեյմս Դե Վիթը հիմնարար է գնահատել հանդիպման թեման
ժողովրդավարության համատեքստում՝ նշելով, որ այն առնչվում է ժողովրդավարության հիմնասյուներից մեկին՝
մարդու իրավունքների պատպանությանը:
Պաշտպան
Գրիգորյանն անդրադառնալով հաշմանդամութույն ունեցող անձանց իրավունքների
պաշտպանության հիմնախնդիրներին Հայաստանում՝ հիշատակել է Պաշտպանի տարեկան
հաղորդմամբ և արտահերթ զեկույցներով արձանագրված խնդիրներն ու նշել, որ դրանցից
շատերը շարունակում են մնալ չլուծված, սկսած քաղաքականությունների մշակման
գործընթացից ու իրազեկումից մինչև միջավայրերի ու ծառայությունների մատչելիության
և մատուցվող ծառայությունների հիմքում կարիքի հստակ գնահատման բացակայության
խնդիրները:
Քրիստիննե
Գրիգորյանն առաջարկել է Խորհրդի անդամներին նախանշել գործունեության
առաջնահերթությունները և եռամսյակային նիստերի օրակարգում թիրախավորել խնդիրներ ու
հաջորդող ժամանակահատվածում մեկտեղել ջանքերը՝ հասնելու նախանշած ուղղություններով
լուծումների:
Այնուհետև,
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաշմանդամություն ունեցող անձանց
իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մոնիկա
Սարգսյանը մասնակիցներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ
զեկույցով և տարեկան հաղորդմամբ արձանագրված այն համակարգային խնդիրները, որոնք
արձանագրվել են կարիքահեն և համայնքահեն ծառայությունների մատուցման ոլորտում:
Հատուկ ընդգծվել է արտահերթ զեկույցի
մշակման աշխատանքների ներկայացուցչական բնույթը, որին մասնակցել են նաև
հասարակական խորհրդի անդամները:
Արձանագրված խախտումների համատեքստում Մոնիկա Սարգսյանն անդրադարձել է հաշմանդամություն
ունեցող անձանց խնամող անձանց իրավունքների պաշտպանությանը, հաշմանդամություն
ունեցող անձանց սոցիալական ինտեգրման և զբաղվածության խոչընդոտներին, համայնքային
ծառայությունների բացակայությանը կամ սահմանափակ լինելուն, դրանց
մատչելիության և հասանելիության, երեխաների վերականգնողական ծառայությունների,
կարիքների գնահատման հետ կապված խնդիրներին:
Հաջորդիվ, տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում Խորհրդի անդամների և
մասնակիցների միջև: